Մատչելի հղումներ

«Մեծ ութնյակ»-ի առաջնորդները քննարկում են Սիրիայի, ահաբեկչության և հարկերից խուսափելու դեմ պայքարի հարցերը


«Մեծ ութնյակ»-ի երկրների առաջնորդները բանակցությունների երկրորդ օրը նվիրել են ահաբեկչության և հարկերից խուսափելու դեմ պայքարի հարցերին, ինչպես նաև փորձել են ընդհանուր հայտարարի գալ Սիրիայում ստեղծված իրավիճակի շտկման հարցում:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը երեքշաբթի օրն ասել է, թե ցանկանում է, որ «Մեծ ութնյակ»-ը ստորագրի «խիստ հստակ հայտարարություն», որ ահաբեկիչների կողմից մարդկանց առևանգման դեպքերում պետությունները որևէ փրկագին չեն վճարի:

Հյուսիսային Իռլանդիայում «Մեծ Ութնյակ»-ի պետությունների հանդիպման վերջին օրվա ժամանակացույցը ներառել է նաև խոշոր ընկերությունների կողմից հարկերից խուսափելու համար օրենսդրական բացերը փակելուն նվիրված քննարկումներ:

«Մեծ Ութնյակ»-ի գագաթաժողովի առաջին օրվա ընթացքը հիմնականում բնութագրել են տարաձայնությունները Սիրիայի հարցում: Գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև անցկացված բանակցությունների ժամանակ երկու առաջնորդները համաձայնության են եկել Սիրիայում իրականացվող բռնություններին վերջ տալու անհրաժեշտության հարցում: Օբաման ու Պուտինը խոստովանել են սակայն, որ Սիրիայում չդադարող ճգնաժամի վերաբերյալ իրենց կարծիքները խիստ տարբեր են:

Հյուսիսային Իռլանդիայի Լոհ Էրնե հանգստավայրում անցկացվող «Մեծ Ութնյակ»-ի այս տարվա գագաթաժողովի ընդունող կողմը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն է: Գագաթաժողովին մասնակցում են նաև Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի առաջնորդները:
XS
SM
MD
LG