Մատչելի հղումներ

Սիրիայում խաղաղության շուրջ բանակցությունները փակուղի են մտել՝ քաղաքական անցման հարցի պատճառով


Ընդդիմության պատվիրակությունը մերժել է Սիրիայի կառավարական պատվիրակների կողմից ներկայացված սկզբունքները, որոնք, ըստ ընդդիմության ներկայացուցիչների, դուրս են ժնևյան բանակցությունների շրջանակից և չեն հիշատակում Դամասկոսում իշխանության փոխանցումը

Ժնևում Սիրիայում խաղաղության հաստատմանը նվիրված բանակցությունները երկուշաբթի օրը փակուղի են մտել այն ժամանակ, երբ երկու կողմերի պատվիրակները սկսել են քաղաքական անցման հարցի քննարկումը:

Ընդդիմության պատվիրակությունը մերժել է Սիրիայի կառավարական պատվիրակների կողմից ներկայացված սկզբունքները, որոնք, ըստ ընդդիմության ներկայացուցիչների, դուրս են ժնևյան բանակցությունների շրջանակից և չեն հիշատակում Դամասկոսում իշխանության փոխանցումը:

Սիրիայի փոխարտգործնախարար Ֆայսալ Մեքդադն իր հերթին նշել է, որ կառավարական պատվիրակությունը բանակցությունների է մասնակցում ահաբեկչական գործողություններին վերջ դնելու, այլ ոչ թե իշխանության փոխանցումը քննարկելու նպատակով:

Ըստ հաղորդագրությունների, երկու կողմերի պատվիրակների հնչեցված այս հայտարարություններից հետո բանակցությունների միջնորդ Լախդար Բարհիմին դադարեցրել է հանդիպումը:

Սիրիայի ընդդիմությունը պնդում է, որ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է հրաժարական ներկայացնի, և որ երկրում անհրաժեշտ է ձևավորել ժամանակավոր կառավարություն՝ հիմք ընդունելով 2012 թվականին Ժնևում անցկացված խաղաղության առաջին համաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները: Սիրիայի կառավարությունը սակայն պնդում է, որ ներկայիս համաժողովի ընթացքում նախագահ Ասադի դերը քննարկման ենթակա չէ:

Միացյալ Նահանգները երկուշաբթի օրը պահանջել է Սիրիայի կառավարությունից անհապաղ թույլատրել մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյունների մուտքը Հոմս, ինչպես նաև խաղաղ բոլոր բնակիչների դուրսբերումը քաղաքից:

ԱՄՆ-ի արտգործնախարարության համաձայն, Սիրիայի կառավարության կողմից ապստամբների վերահսկողության տակ գտնվող Հոմսից կանանց և երեխաների էվակուացման մասին առաջարկությունը «բավարար չէ» և չի կարող փոխարինել քաղաքի բնակիչների համար խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնությունը:
XS
SM
MD
LG