Մատչելի հղումներ

Ժնևում վերսկսվել են Սիրիայում խաղաղության հաստատմանը նվիրված բանակցությունները


«Սիրիայի ազգային խորհրդի» ներկայացուցիչ Լուայ Սաֆին՝ հանդես գալով լրագրողների առջև Ժնևում, 25 հունվարի 2014թ.
«Սիրիայի ազգային խորհրդի» ներկայացուցիչ Լուայ Սաֆին՝ հանդես գալով լրագրողների առջև Ժնևում, 25 հունվարի 2014թ.

ՄԱԿ-ի խաղաղության հարցերով հանձնակատար Լախդար Բրահիմի համաձայն, կիրակի օրը Սիրիայի կառավարության և ապստամբների միջև անցկացվող բանակցությունների երկրորդ օրվա ընթացքում շեշտը կդրվի հազարավոր բանտարկյալների ազատ արձակման վրա

Ժնևում վերսկսվել են ՄԱԿ-ի միջնորդությամբ կազմակերպված՝ Սիրիայում խաղաղության հաստատմանը նվիրված բանակցությունները, որոնց ընթացքում հանդիպումներ են անցկացվում Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների միջև:

ՄԱԿ-ի խաղաղության հարցերով հանձնակատար Լախդար Բրահիմի համաձայն, կիրակի օրը Սիրիայի կառավարության և ապստամբների միջև անցկացվող բանակցությունների երկրորդ օրվա ընթացքում շեշտը կդրվի հազարավոր բանտարկյալների, այդ թվում՝ կանանց, երեխաներին և տարեցների, ազատ արձակման վրա:

Բրահիմիի համաձայն, Ժնևում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակում Սիրիայում հակամարտության մասնակից կողմերի միջև շաբաթ օրն անցկացվել է երկու հանդիպում: ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատարի համաձայն, հանդիպումների ժամանակ քննարկվել է Հոմս քաղաքում ստեղծված մարդասիրական չափազանց ծանր իրավիճակը:

Լախդար Բրահիմին հույս է հայտնել, որ Հոմսի շուրջ համաձայնության հնարավոր կլինի հասնել շատ արագ, որպեսզի մարդասիրական օգնություն առաքող շարասյունները կարողանան պաշարված քաղաք օգնություն հասցնել արդեն երկուշաբթի օրը:

Սիրիայի ընդդիմադիր «Սիրիայի ազգային խորհրդի» ներկայացուցիչ Լուայ Սաֆիի համաձայն, բանակցել անհրաժեշտ է՝ փրկելու համար Հոմսի նկատմամբ կառավարական ուժերի կողմից կիրառվող շրջափակման պատճառով սովամահ լինող մարդկանց:

Անդրադառնալով բանակցություններին՝ Սաֆին ասել է, որ դրանք «նախապատրաստական քննարկումներ են, որոնց արդյունքում հնարավոր կլինի մեկնարկել բանակցությունները»:

Լուայ Սաֆին հույս է հայտնել, որ այդ բանակցությունները կմեկնարկեն երկուշաբթի օրը:
XS
SM
MD
LG