Մատչելի հղումներ

Մեկնարկել է Սիրիայում խաղաղության միջազգային համաժողովը


Սիրիայում պատերազմող կողմերի միջև առկա տարաձայնությունների հաղթահարումը չափազանց բարդ խնդիր է համարվում, և ՄԱԿ-ի դիվանագետները նշում են, որ Մոնթրե քաղաքում մեկնարկած հանդիպումից հետո Ժնևում կայանալիք բանակցություններն այդ ուղղությամբ կատարվող ընդամենը առաջին քայլերն են

Շվեյցարիայի Մոնթրե քաղաքում մեկնարկել է Սիրիայի հարցով խաղաղության միջազգային համաժողովը, որի աշխատանքներին մասնակցում են ինչպես Սիրիայի կառավարության, այնպես էլ այդ երկրի ընդդիմության ներկայացուցիչները:

Համաժողովը բացել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը՝ շեշտելով, որ համաժողովը Սիրիայում հակամարտության կարգավորման «իրական, սակայն դեռևս փխրուն հույս է տալիս»:

Քչերն են սակայն կարծում, որ խաղաղության բանակցությունները հաջողությամբ կպսակվեն, քանի որ չկա Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի թուլացման որևէ նշան:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ընդդիմախոսները, որոնք բանակցությունների են ժամանել՝ իրենց նկատմամբ Արևմուտքի դաշնակիցների կողմից գործած անմիջական ճնշման արդյունքում, ներկայացրել են Սիրիայի կառավարության կողմից իրականացվող զանգվածային խոշտանգումների և սպանությունների մասին նոր վկայություններ՝ կրկին պահանջելով, որ Սիրիայի նախագահը հեռանա իր պաշտոնից և փոխանցվի պատերազմի հանցագործությունների միջազգային դատարանին:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին իր խոսքում նշել է, որ «իր սեփական ժողովրդի դեմ դաժանություններ գործած անձը չի կարող կրկին ստանալ երկիրը կառավարելու համար անհրաժեշտ օրինականությունը»:

Ռուսատանի արտգործնախարար Սերգել Լավովն իր հերթին զգուշացրել է Սիրիայի ներքին գործերում օտարերկրյա միջամտության անթույլատրելիության մասին:

Սիրիայի նախագահ Ասադը հնարավոր է համարում երկրում այս տարի ավելի ուշ կայանալիք նախագահի ընտրությունների ընթացքում իր վերընտրությունը և պնդում է, որ «Ժնև-2» համաժողովի ժամանակ անհրաժեշտ է կենտրոնանալ «ահաբեկիչների» դեմ տարվող պայքարի վրա:

Սիրիայի ընդդիմությունը կտրականապես դեմ է նման առաջարկությանը:

«Բաշար ալ-Ասադը կարող է շատ բան ասել, սակայն բոլորի համար հասկանալի է, որ «Ժնև-2»-ը երկրի նոր կառավարության միջոցով քաղաքական լայնածավալ բարեփոխումների իրականացման նպատակ է հետապնդում, որտեղ տեղ չեն կարող գտնել այն մարդիկ, ում ձեռքերն արյունոտ են», - ասել է Սիրիայի ընդդիմության պատվիրակներից մեկը:

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմն իր հերթին նշել է, որ նախագահ Ասադի կարգավիճակը քննարկման ենթակա չէ:

«Նախագահի և իր վարչակազմի կարգավիճակի հարցը մեզ և մեր ժողովրդի համար «կարմիր գիծ» է և չի քննարկվելու», - ասել է Սիրիայի արտգործնախարար Մուալեմը՝ երկրի պետական լրատվամիջոցներին տրված հարցազրույցում:

Սիրիայում պատերազմող կողմերի միջև առկա տարաձայնությունների հաղթահարումը չափազանց բարդ խնդիր է համարվում, և ՄԱԿ-ի դիվանագետները նշում են, որ Մոնթրե քաղաքում մեկնարկած հանդիպումից հետո Ժնևում կայանալիք բանակցություններն այդ ուղղությամբ կատարվող ընդամենը առաջին քայլերն են:
XS
SM
MD
LG