Մատչելի հղումներ

«95 տարի անց մենք նոր ցեղասպանության զոհ ենք դառնում». Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ


«Սիրիայի ազատ բանակ»-ի մարտիկներից մեկը՝ Դեյր ալ-Զորի հայկական քանդված եկեղեցում, 5 մարտի 2013թ.
«Սիրիայի ազատ բանակ»-ի մարտիկներից մեկը՝ Դեյր ալ-Զորի հայկական քանդված եկեղեցում, 5 մարտի 2013թ.

Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը համոզվածություն է հայտնել, որ քրիստոնյաները կվերապրեն այս ճգնաժամը՝ նախկին բոլոր այլ ճգնաժամերի պես:

Սիրիայում քրիստոնյա համայնքների, մասնավորապես՝ սիրիահայերի վիճակին անդրադարձել է «Դոյչե Վելլե» լրատվական գործակալությունը, որտեղ ասված է, որ իսլամիստ ծայրահեղականների թիրախը Սիրիայում դարձել են քրիստոնյաները, որոնց իսլամիստներն «անհավատ» են անվանում:

Հոդվածում նշված է, որ Սիրիայի ապստամբների շրջանում վերջին տարվա ընթացքում թափ են հավաքել ծայրահեղական մահմեդական խմբավորումները, որոնց թիրախն ավելի հաճախ են դառնում քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի ներկայացուցիչների կողմից բնակեցված վայրերը: Դրա պատճառն այնն է, ըստ գործակալության, որ ապստամբները նրանց մեղադրում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին սատարելու մեջ:

Սիրիայի ապստամբներն ու քրեական տարրերը, բացի այդ, քրիստոնյաներին հափշտակում են՝ փրկագին ստանալու նպատակով:

Ապստամբները, ըստ գործակալության, իրականացնում են Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքների, այս թվում նաև՝ քրիստոնյաներով բնակեցված բնակավայրերի նպատակաուղղված ռմբակոծություն: Հոդվածում սակայն նշված է, որ կամայական ռմբակոծություններ ապստամբների կողմից վերահսկվող տարածքների ուղղությամբ իրականցնում են նաև Սիրիայի կառավարական ուժերը:

Ապստամբների կողմից Դամասկոսի հայկական թաղամասի ուղղությամբ իրականացված ռմբակոծություններից մեկի զոհ վերջերս գնացել էր սիրիահայ չորս երեխա: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներից ականանետային կրակ էր բացվել այն ժամանակ, երբ երեխաները կանգնած էին Դամասկոսի դպրոցների մեկի դպրոցի ավտոբուսի կանգառում:

«Դոյչե Վելլե»-ի փոխանցմամբ՝ Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ, Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, անդրադառնալով այս ողբերգությանը, վստահություն է հայտնել, որ նման հարձակումներ իրականացնողները չեն հետապնդում ազատության և ժողովրդավարության հաստատումը, այլ պարզապես հանցագործ են:

«Սիրիայում շարունակվող բռնությունների հետևանքով փախուստի է դիմել մոտ 3 միլիոն մարդ, ներառյալ տասնյակ հազարավոր քրիստոնյաների: Եպիսկոպոս Նալբանդյանին այս իրադարձությունները հիշեցնում են անձնական ողբերգությունը. 1915 թվականից Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով փախստական դարձած հայերը բնակություն էին հաստատել Սիրիայում՝ այնտեղ ստեղծելով դպրոցներ, կառուցելով եկեղեցիներ և նոր կյանք», - գրում է «Դոյչե Վելլեն»:

«95 տարի անց մենք նոր ցեղասպանության զոհ ենք դառնում: Մեզ համար ավելի դժվար է տանել այս խաչը», - ասել է Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը՝ համոզվածություն հայտնելով, որ քրիստոնյաները կվերապրեն այս ճգնաժամը՝ նախկին բոլոր այլ ճգնաժամերի պես:
XS
SM
MD
LG