Մատչելի հղումներ

Սիրիայում մեկնարկել են քիմիական զենքի ոչնչացման աշխատանքները


ՄԱԿ-ի պաշտոնյաների համաձայն, Սիրիայի քիմիական զենքի ոչնչացումից բացի կիրակի օրը մեկնարկել է նաև քիմիական զենքի արտադրության հզորությունների ոչնչացումը

Սիրիայում միջազգային տեսուչները մեկնարկել են Սիրիայի քիմիական զենքի պաշարների ոչնչացման աշխատանքները:

ՄԱԿ-ի պաշտոնյաների համաձայն, Սիրիայի քիմիական զենքի ոչնչացումից բացի կիրակի օրը մեկնարկել է նաև քիմիական զենքի արտադրության հզորությունների ոչնչացումը:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն անցյալ ամսվա վերջին խոստացել էր ամբողջությամբ հետևել Քիմիական զենքի արգելման կազմակերպության կողմից մշակված Սիրիային քիմիական զինաթափման ծրագրին, որի իրականացումը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի զինաթափման վերաբերյալ ընդունված բանաձևի հիմքում ընկած է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Ժնևում ձեռք բերված համաձայնությունը, որին այս պետությունները հասել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկում հարյուրավոր մարդկանց մահվան պատճառը դարձած՝ «զարին» թունավոր նյութի կիրառմամբ իրականացված հարձակումից հետո:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը կանխել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության դեմ ԱՄՆ-ի ռազմական պատժիչ գործողությունների իրականացումը: Դամասկոսի արվարձանում այս տարվա օգոստոսին իրականացված հարձակման մեջ Վաշինգտոնը մեղադրում է Սիրիայի նախագահի վարչակարգին:
XS
SM
MD
LG