Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարարն ու Շվեյցարիայի նախագահը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը


Շվեյցարիայի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը, ըստ հաղորդագրության, հանգամանալից մտքեր են փոխանակել ԵԱՀԿ-ի օրակարգային խնդիրների, շվեյցարական նախագահության նախաձեռնությունների շուրջ

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին մարտի 6-ին ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-շվեյցարական քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, համակողմանի փոխգործակցության զարգացման դինամիկայի կապակցությամբ և քննարկել են հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը առնչվող հարցեր, հատուկ կարևորվեց առևտրատնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկումը։

Շվեյցարիայի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը, ըստ հաղորդագրության, հանգամանալից մտքեր են փոխանակել ԵԱՀԿ-ի օրակարգային խնդիրների, շվեյցարական նախագահության նախաձեռնությունների շուրջ։

«Նախարար Նալբանդյանը նախագահ Բուրկհալտերին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։ Այս համատեքստում Դիդյե Բուրկհալտերը վերահաստատել է աջակցությունը Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը», - ասված է հայտարարության մեջ։

Հանդիպմանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, անդրադարձ է արվել այս տարվա հունիսին Դիդյե Բուրկհալտերի Հայաստան կատարելիք այցելությանը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ։
XS
SM
MD
LG