Մատչելի հղումներ

Շվեյցարիան դադարեցրել է Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարարի քրեական հետապնդումը


Շվեյցարիան դադարեցրել է Եվրամիության հետ կապերի հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի դեմ քրեական հետապնդումը, որը հարուցվել է Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հայցով:

Ցյուրիխի դատախազությունը քրեական գործ էր հարուցել Բաղըշի դեմ այս տարվա հունվար ամսին, երբ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովից հետո նա այցելել էր Ցյուրիխ, որտեղ լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել էր ցեղասպանությունների, այդ թվում`Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը Ֆրանսիայում և Շվեյցարիայում, որտեղ գործում է նմանատիպ օրենք:

«Մենք այժմ Շվեյցարիայում ենք, և ես ասում եմ, որ 1915-ի դեպքերը չեն եղել, ցեղասպանություն տեղի չի ունեցել: Թող գան ու ձերբակալեն ինձ», - ասել է Բաղըշը:

Շվեյցարիայում հակառասիստական օրենսդրությամբ ցեղասպանության ժխտումն արգելված է, և Բաղըշի այս մեկնաբանություններից հետո իր դեմ քրեական գործ է հարուցվել:

«Ռույթերս» գործակալության վկայությամբ, Շվեյցարիայի դատախազության կողմից տարածված հաղորդագրությունում ասված է, թե «Շվեյցարիայի արտգործնախարարության հետ խորհրդակցելուց հետո դատախազությունը եկել է եզրակացության, ըստ որի Էգեմեն Բաղըշի դեմ չի կարող քրեական հետապնդում իրականացվել այն պատճառով, որ որպես Եվրամիության հետ կապերի հարցերով Թուրքիայի նախարար, Շվեյցարիայում գտնվելու ամբողջ ընթացքում նա դիվանագիտական անձեռնմխելիություն է ունեցել»:

XS
SM
MD
LG