Մատչելի հղումներ

Եվրոպական խորհրդարանի նախագահն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին


European Parliament President Martin Schulz holds a news conference during a European Union summit in Brussels, January 30, 2012.

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Եվրամիության հետ կապերի հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին, Ֆրանսիայի Սենատի կողմից վերջերս ընդունած Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար պատժամիջոցներ սահմանող օրինագծին, ինչպես նաև Գերմանիայի ծանր անցյալին:

Հանդես գալով Բաղըշի հետ երեքշաբթի օրն համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում, Շուլցը շեշտել է Եվրոպական խորհրդարանի հստակ դիրքորոշումը, որի կողմից 2005 թվականին ընդունված բանաձևը հորդորել է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և սահմանել այն որպես այս երկրի` ԵՄ-ին անդամակցելու նախապայմաններից մեկը:

«Parliament.com» կայքի վկայությամբ, Եվրախորհրդարանի նորընտիր նախագահն ասել է, թե «լինելով Գերմանացի, ես գիտեմ իմ երկրի պատմությունը և այն, թե նախկինում իմպերիալիստական Գերմանիայի բանակն ինչ դեր է ունեցել պատմության մեջ: Այնուամենայնիվ, Թուրքիայի իշխանություններին խորհուրդ կտայի դեմ առ դեմ կանգնել սեփական պատմության հետ և թույլ տալ պատմությանն անկախ գնահատական տալ»:

Եվրախորհրդարանի նախագահ Շուլցն ասել է նաև, որ եթե պատմության անկախ ուսումնասիրությունը գա այն եզրակացության, որ Թուրքիայում ցեղասպանություն է իրագործվել, ապա այս երկիրը պետք է ճանաչի այն, սակայն այս խնդիրն առաջինը պետք է լուծի հենց Թուրքիան:

Անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի կողմից վերջերս ընդունած Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար պատժամիջոցներ սահմանող օրինագծին, Եվրախորհրդարանի նախագահը նշել է, որ ինքը «հարգում է խորհրդարանի ինքնավարությունը և Ֆրանսիայի խորհրդարանի անկախությունը, ինչպես նաև Ֆրանսիայում ընդունված օրենքները»:

«Գիտեմ, որ Եվրամիությունում շատերը կիսում են Ֆրանսիայի խորհրդարանականների հայացքները», - հավելել է Շուլցը:

Եվրախորհրդարանի նորընտիր նախագահ, գերմանացի սոցիալ-դեմոկրատ Մարտին Շուլցը ասել է նաև, որ որպես գերմանացի և, մասնավորապես, բազմազգ խորհրդարանի նախագահ, ինքն «ամեն օր երես առ երես է կանգնում իր երկրի անցյալի հետ»:

«Սակայն իմ երկիրն ու ես հպարտ ենք, որ անցյալ վեց տասնամյակի ընթացքում նայել ենք մեր երկրի պատմության երեսին, ճանաչել ենք այն և հասկանում ենք, որ մեր սերունդը պատասխանատու չէ անցյալում կատարված հանցագործությունների համար: Սակայն մենք պատասխանատվություն ենք կրում նման հանցագործությունների կրկնությունը կանխելու համար: Անցյալի նկատմամբ հնարավորինս բաց լինելը դեպի ապագա տանող ամենալավ ճանապարհն է», - շեշտել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:

XS
SM
MD
LG