Մատչելի հղումներ

Սպանվել է Սիրիայի պաշտպանության նախարարը


Սիրիայի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջհա (աջից, արխիվային լուսանկար)
Սիրիայի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջհա (աջից, արխիվային լուսանկար)
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է Դամասկոսում Ազգային անվտանգության ծառայության շենքի ուղղությամբ ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված հարձակման մասին, որի հետևանքով զոհվել է երկրի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջհան:

Պայթյունի հետևանքով լուրջ վնասվածքներ են ստացել բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ:

Այս հարձակումն իրականացվել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում կառավարական ստորաբաժանումների և ապստամբների միջև արդեն մի քանի օր շարունակվող ուժգին բախումների ընթացքում, որոնց ժամանակ ընթացել են ամենածանր մարտերը նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ուղղված ապստամբությունը սկսվելուց ի վեր:

Սպասվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի օրը քվեարկություն կանցկացնի Սիրիայում դիտորդների առաքելության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:

Առաքելության մանդատի ժամկետը սպառվում է ուրբաթ օրը, և Անվտանգության խորհրդում չկա միասնական կարծիք այն հարցի շուրջ, թե արդյոք նոր բանաձևը պետք է ներառի նախագահ Ասադի դեմ ուղղված պատժամիջոցներ կիրառելու մասին սպառալիքը:

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Նահանգները պնդում են, որ բանաձևում պետք է ներառված լինեն ՄԱԿ-ի դիտորդների առաքելությունը 45 օրով երկարաձգելու մասին դրույթը, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառելու մասին սպառնալիքը:

Ռուսաստանը խոստացել է վետոյի իրավունք կիրառել այս տարբերակի նկատմամբ: Այս երկրի կողմից առաջ քաշվող բանաձևի տարբերակում նշված է միայն դիտորդների առաքելության երկարաձգման անհրաժեշտությունը՝ առանց պատժամիջոցների կիրառմանբ սպառնալիքի:
XS
SM
MD
LG