Մատչելի հղումներ

Նոր զոհեր Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի ծառայողների շրջանում


Ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված հարձակման պատճառով զոհվել է Աֆղանստանի և ՆԱՏՕ-ի զինծառայողների կողմից պարեկային ծառայություն համատեղ իրականացնող խմբի 14 անդամ

Աֆղանստանում ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված հարձակման պատճառով զոհվել է Աֆղանստանի և ՆԱՏՕ-ի զինծառայողների կողմից պարեկային ծառայություն համատեղ իրականացնող խմբի 14 անդամ:

ՆԱՏՕ-ի կողմից տրամադրված տվյալների համաձայն, երկուշաբթի օրն իրականացված հարձակման հետևանքով զոհվել է դաշինքի երեք զինծառայող և նրանց թարգմանիչը: Դաշինքի հաղորդագրության մեջ սակայն այլ մանրամասներ չեն նշվել:

Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել են թալիբները:

Աֆղանստանի պաշտոնյաների համաձայն, հարձակման հետևանքով զոհվել է նաև խաղաղ վեց բնակիչ, վնասվածքներ է ստացել ավելի քան 30 մարդ:

Այս ընթացքում ՆԱՏՕ-ի և Աֆղանստանի պաշտոնյաներն անցկացնում են շաբաթ օրը տեղի ունեցած փոխհրաձգության հետաքննությունը, որի զոհ է գնացել ԱՄՆ-ի երկու և Աֆղանստանի երեք զինծառայող: Երկու կողմերը տարբեր վկայություններ են ներկայացնում հրաձգության կապակցությամբ, որը տեղի է ունեցել դաշնակիցների ուժերի կողմից Աֆղանստանի զինծառայողների հետ համատեղ իրականացվող գործողությունների նկատմամբ արգելքը հանելուց մեկ օր անց:

ՆԱՏՕ-ն սկզբից «ներքին» է որակել հրաձգությունը, որի ընթացքում ՆԱՏՕ-ի անձնակազմի ուղղությամբ կրակ է բացվել Աֆղանստանի զինծառայողների կամ զինված ուժերի համազգեստը կրող զինյալների կողմից: ՆԱՏՕ-ի կոալիցիայի փոխհրամանատար, գեներալ-լեյտենանտ Էդրիեն Բրեդշոուն սակայն ավելի ուշ ասել է, թե հրաձգությունը կարող էր հրահրված լիներ զինյալների կողմից բացված կրակով:

Աֆղանստանի պաշտպանության նախարարության կողմից տարածված տեղեկությունների համաձայն, կրակի փոխանակումը եղել է երկու կողմերի միջև «տարաձայնության» արդյունքը: Այս հայտարարությունը սակայն չի հերքում «ներքին» հարձակման հնարավորությունը: «Ներքին» հարձակումների զոհ այս տարի գնացել է ՆԱՏՕ-ի առնվազն 52 ծառայող:
XS
SM
MD
LG