Մատչելի հղումներ

Մահապատիժ Սուդանում՝ քրիստոնեություն ընդունելու համար


Սուդանի քրիստոնյաները՝ Խարտումի եկեղեցում աղոթելու ժամանակ, 25 դեկտեմբերի 2013 թ. (արխիվային լուսանկար)
Սուդանի քրիստոնյաները՝ Խարտումի եկեղեցում աղոթելու ժամանակ, 25 դեկտեմբերի 2013 թ. (արխիվային լուսանկար)

Սուդանի դատարաններից մեկը քրիստոնեություն ընդունելու համար մահապատժի է դատապարտել 27 ամյա հղի մի կնոջ, որը նաև ունի 20-ամսեկան մի երեխա

Սուդանի դատարաններից մեկը քրիստոնեություն ընդունելու համար մահապատժի է դատապարտել 27 ամյա հղի մի կնոջ, որը նաև ունի 20-ամսեկան մի երեխա:

Դատարանը մեղավոր է ճանաչել Մարիամ Յահյա Իրբրահիմին կրոնափոխության, ինչպես նաև անառակության մեջ՝ քրիստոնյա մի տղամարդու հետ ամուսնանալու համար:

«Ես քրիստոնյա եմ», - հայտարարել է Մարիամ Յահյա Իրբրահիմը Խարթումի դատարանի առջև հինգշաբթի օրը կանգնած լինելու ժամանակ, ինչից հետո դատավոր Աբբաս ալ-Խալիֆան նրան մահապատժի ենթարկելու մասին դատավճիռ է կայացրել, ինչպես նաև դատապարտել հղի կնոջը մտրակի 100 հարվածի:

Մարիամ Յահյա Իրբրահիմի մայրը քրիստոնյա է, հայրը՝ մահմեդական, սակայն նա դաստիարակվել է քրիստոնյա՝ իր հոր կողմից ընտանիքը լքելուց հետո: Սուդանի օրենքների համաձայն սակայն մահմեդական հայրերի երեխաները մահմեդական են համարվում:

Այս շաբաթ ավելի վաղ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Նիդեռլանդների դեսպանությունները խորը մտահոգություն են արտահայտել այս գործի կապակցությամբ: Նրանք հորդորել են Սուդանի կառավարությանը հարգել կրոնական ազատությունը:

Սուդանում 2005 թվականին ընդունված սահմանադրության մեջ ամրագրված է կրոնական պատկանելիության ազատությունը:

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անմիջապես դատապարտել է Սուդանում կայացված դատավճիռը՝ միջազգային մարդասիրական իրավունքի «նողկալի և կոպիտ» խախտում անվանելով այն:

Իրավապաշտպան կազմակերպությունը, բացի այդ, հորդորել է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել մահապատժի դատապարտված Մարիամ Յահյա Իրբրահիմին:
XS
SM
MD
LG