Մատչելի հղումներ

Ուսումնասիրվել է օդանավակայանների դերը հիվանդությունների տարածման մեջ


Հետազոտությունը հիշեցնում է, որ օդանավակայանները կարող են վարակը տարածել շատ ավելի արագ, քան տրանսպորտային այլ հանգույցներ

Մասաչուսեթսի տեխնոլոգիաների համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են այն դերը, որն ունեն օդանավակայանները հիվանդությունների տարածման և համաճարակների զարգացման մեջ: Գիտնականները հայտնաբերել են, որ Նյու Յորքի, Լոս Անջելեսի և Հոնոլուլուի օդանավակայանները հիվանդությունների տարածման առումով «ամենահաջողակն» են:

Օդանավակայանները, ըստ գիտնականների, տեղափոխում են ոչ միայն մարդկանց, այլև հարբուխի, ատիպիկ թոքաբորբի և տուբերկուլյոզի նման հիվանդություններ, իսկ Միացյալ Նահանգներում նման հիվանդությունները որոշ օդանավակայաններ տարածում են ավելի արագ:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են օդանավակայանների երկթևեկության ծավալները, երկար ճանապարհորդություն կատարող ուղևորների թիվը, ինչպես նաև այն հանգամանքը, թե որ օդանավակայաններից են ժամանում ինքնաթիռները: Այս ցուցանիշներով առաջին տեղերը զբաղեցրել են Նյու Յորքի Քենեդիի անվան և Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանները:

Ուսումնասիրության մասնակից, գիտնական Ռուբեն Խուանեսը անսպասելի է գտել այն հանգամանքը, որ համաճարակի տարածման չափանիշներով երրորդ տեղը զբաղեցրել է Հավայան կղզիներում գտնվող Հոնոլուլուի օդանավակայանը:

«Այն շրջապատված է օվկիանոսով, և այնտեղ ժամանող գրեթե ցանկացած չվերթ երկար ճանապարհ է անցնում, այնպես որ վարակված ուղևորները կարող են շատ արագ հայտնվել հազարավոր կիլոմետր հեռավորության վրա: Չնայած միացնող չվերթների թիվը փոքր է, սակայն դրանց հիմնական մասը միացնում է օդանավակայանը Ասիայում կամ Հյուսիսային Ամերիկայում գտնվող օդանավակայաններին», - ասում է գիտնականը:

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի կանխարգելիչ առողջապահության դասախոս Թոմաս Վալենտեի համաձայն, այս ուսումնասիրությունը հիշեցնում է, որ օդանավակայանները կարող են վարակը տարածել շատ ավելի արագ, քան տրանսպորտային այլ հանգույցներ:

Առողջապահության ոլորտի փորձագետների համաձայն, օդանավով ճանապարհորդելու ընթացքում վարակվելուց պաշտպանվելու համար ճանապարհորդները կարող են ձեռնարկել ձեռքերը հաճախ լվալու նման պարզ միջոցներ:

Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնական Ռուբեն Խուանեսի համաձայն, այս ուսումնասիրությունը թույլ կտա կանխատեսել հաջորդ համաճարակի ընթացքում հիվանդության տարածման ուղիները:
XS
SM
MD
LG