Մատչելի հղումներ

Բարեփոխումների դեմ գործադուլ Հնդկաստանում


Գործադուլի հետևանքով դադարեցվել է երթևեկությունը երկրի որոշ մասերում, ինչպես նաև բազմաթիվ ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների աշխատանքը

Հնդկաստանում տնտեսական բարեփոխումների ընդդիմադիրների կողմից կազմակերպված բողոքի ցույցերի պատճառով երկրի զգալի մասում խաթարվել է երթևեկությունը, աշխատանքը դադարեցրել են բազմաթիվ ձեռնարկություններ և ուսումնական հաստատություններ:

Տասնյակ հազարավոր ցուցարարներ մասնակցել են հինգշաբթի օրը Հնդկաստանում անցկացված զանգվածային գործադուլի, որի հետևանքներն ամենից շատ զգացվել են ընդդիմության հենակետ Բանգալոր և Կոլկատա քաղաքներում: Երկրի մայրաքաղաք Նյու Դելիում և ֆինանսական կենտրոն Մումբայ քաղաքում սակայն ձեռնարկությունները չեն դադարեցրել իրենց բնականոն աշխատանքը:

Անցյալ շաբաթ Հնդկաստանի վարչապետի կողմից ներկայացված բարեփոխումները ներառում են դիզելային վառելիքի գների բարձրացումը, ինչպես նաև երկրի շուկա օտարերկրյա մանրածախ, օրինակ՝ ամերիկյան հանրահայտ «Walmart» ընկերությունների նման ձեռնարկություններին մուտք գործելու թույլտվություն տրամադրելը:

Բարեփոխումների քննադատների համաձայն, նման միջոցառումների արդյունքում կփակվեն բազմաթիվ աշխատատեղեր, իսկ մանրածախ փոքր խանութները ստիպված կլինեն փակվել: Տնտեսագետների կանխատեսումների համաձայն սակայն, բարեփոխումները նոր թափ կհաղորդեն երկրի տնտեսական զարգացմանը:
XS
SM
MD
LG