Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահն ընդունել է ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալին


Հայաստանի նախագահն ընդունել է ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 23-ին ընդունել է ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգին և նրան ուղեկցող պատվիրակությանը։

Սթայնբերգին ուղեկցող պատվիրակության կազմում են ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, պաշտոնատար այլ անձինք:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրությամբ, Սարգսյանը կարևորել է պարբերական հանդիպումները՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման առումով:

Հանդիպման ընթացքում Սթայնբերգը նշել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին միանալուց հետո արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան և ուրախ է, որ իր այցով ևս նպաստում է հայ-ամերիկյան կապերի ամրապնդմանը:

Ջեյմս Սթայնբերգի համաձայն, Մյունխենում Հայաստանի նախագահի հանդիպումը ԱՄՆ-ի արտգործնախարարի հետ, անցյալ տարի` Վաշինգտոնում նախագահ Օբամայի հետ հանդիպումը և, իհարկե, իր այցը Հայաստան վկայում են երկու պետությունների միջև կապերի ամրության մասին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Հայաստանից ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալը կուղևորվի Վրաստան, այնուհետև կայցելի Ադրբեջանը, Ալբանիան և Բոսնիան։

XS
SM
MD
LG