Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման հանդես է եկել ապրիլքսանչորսյան ուղերձով


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ ամենամյա ուղերձով՝ կրկին կիրառելով «Մեծ Եղեռն» բառակապակցությունը

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի օրը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ ամենամյա ուղերձով՝ կրկին կիրառելով «Մեծ Եղեռն» բառակապակցությունը՝ առանց ուղերձում «ցեղասպանություն» բառի օգտագործման:

«Մենք բոլորս այսօր հիշում ենք Մեծ Եղեռնը և հարգանքի տուրք մատուցում նրանց, ովքեր զոհվել են 20-րդ դարի ամենամեծ ոճրագործություններից մեկի հետևանքով: Իննսունութ տարի առաջ, Օսմանյան կայսրության գոյատևման վերջին տարիներին, 1,5 միլիոն հայեր սպանդի են ենթարկվել և զոհվել աքսորի ճանապարհին: Հարգանքի տուրք ենք մատուցում՝ հիշատակելու համար կորսված կյանքերը և հիշելու համար նրանց աննկարագրելի տանջանքները: Միանում ենք ամբողջ աշխարհում և այստեղ՝ Ամերիկայում, զոհերին հարգանքի տուրք մատուցող նահանգներին, կազմակերպություններին, համայնքներին և ընտանիքներին: Ինքներս մեզ հիշեցնում ենք նաև պատմության նման մութ էջերի կրկնությունը թույլ չտալու մեր պարտավորության մասին», - ասված է ուղերձում:

Ուղերձում նախագահ Օբաման այնուհետև նշում է, թե ինքը բազմիցս արտահայտել է 1915 թվականին տեղի ունեցածի նկատմամբ իր վերաբերմունքը:

«Պատմության վերաբերյալ իմ հայացքները չեն փոխվել: Մեր բոլորի շահերից է բխում փաստերի ամբողջական, ազնիվ և արդարացի ընդունումը: Պետություններն առավել հզոր են դառնում անցյալի ցավոտ տարրերն ընդունելու և դրանց հետ հաշվի նստելու միջոցով՝ այսպիսով հիմք դնելով առավել արդարացի և հանդուրժողական ապագայի համար: Միացյալ Նահանգներում մենք ըստ արժանվույն ենք գնահատում այս դասերը, քանի որ փորձում ենք հաշվի նստել մեր պատմության ամենամութ որոշ հատվածքների հետ: Մենք ողջունում ենք այս ճանապարհին ոտք դրած խիզախ հայերին և թուրքերին ու հորդորում ենք առավել մեծ թվով մարդկանց կատարել նման քայլեր՝ իրենց և իմ երկրների կառավարությունների աջակցությամբ», - նշում է նախագահ Օբաման:

«Հայ ժողովրդի պատմությունն ու ժառանգությունը վկայում է անսասան ոգու և հսկայական դժբախտություններին և տառապանքներին դիմակայելու մեծ կարողության մասին: Միացյալ Նահանգներն առավել հզոր է դարձել մեր հասարակությանը, մեր մշակույթին և մեր համայնքներում ամերիկահայերի ունեցած ներդրումների շնորհիվ: Մենք որոշ չափով փոխհատուցում ենք այս ներդրումը՝ աջակցություն ցուցաբերելով հայ ժողովրդին, որն աշխատում է կառուցել այնպիսի պետություն, որը հպարտություն կպատճառեր իրենց նախնիներին, պետություն, որտեղ հարգանքով են վերաբերվում ժողովրդավարությանը, մարդու ազատություններին և արժանապատվությանը», - ասում է ԱՄՆ-ի նախագահը:

«Այս օրը միանում ենք ամենուրեք ապրող հայերին՝ հիշելով Մեծ Եղեռնի մռայլությունը, հարգանքի տուրք մատուցելով նահատակների հիշատակին և վերահաստատելով Հայաստանի ժողովրդի նկատմամբ մեր հարատև նվիրվածությունը», - եզրափակում է նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը:
XS
SM
MD
LG