Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների ամենամյա զեկույցը


Զեկույցում մատնանշվել են Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ իր ամենամյա զեկույցը, որտեղ նշվել է, որ աշխարհում 2011 թվականի ընթացքում հսկա փոփոխություններ են արձանագրվել:

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը Մարդու իրավունքների զեկույցի նախաբանում մասնավորապես ասել է, որ աշխարհում 2011 թվականի ընթացքում հսկա փոփոխություններ են արձանագրվել. Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, ինչպես նաև այս տարածաշրջանից դուրս գտնվող բազմաթիվ վայրերում քաղաքացիները ոտքի են կանգնել՝ պահանջելով հարգանք մարդու արժանապատվության նկատմամբ, քաղաքական ավելի մեծ ազատություններ, ինչպես նաև իրենց ապագայի ձևավորման գործում առավել մեծ դեր ունենալու հնարավորություն:

«Բավականին հաճախ այս ճանապարհին նրանց սպառնում էին մեծ դժվարություններ, նրանք դիմակայում էին իրենց պետությունների կառավարության կողմից գործադրվող բռնի արձագանքի: Այս ապստամբություններով բարձրացված ալիքը դեռևս շարունակվում է Սիրիայում, որտեղ վարչակարգը մինչ օրս բռնություններ է գործադրում իր իսկ ժողովրդի նկատմամբ: Բազում տարիներ գործադրվող ճնշումներից հետո Բիրմայի կառավարությունը ձեռնարկել է բարեփոխումներ՝ սկսելով այս ուղղությամբ գործադրվող առաջին քայլերը», - ասել է Հիլարի Քլինթընը՝ հավելելով. «Այս տարվա Մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցում ներկայացվում են այս իրադարձությունները, ինչպես նաև աշխարհի գրեթե 200 երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարող մարդկանց պատմությունները»:

«ԱՄՆ-ի Կոնգրեսն ավելի քան երեք տասնամյակ առաջ է պահանջել մեկնարկել այս զեկույցի մշակումը՝ օրենսդիրներին օտարերկրյա պետություններին ռազմական և տնտեսական օգնության տրամադրման գործում օժանդակություն ցուցաբերելու համար, սակայն այս ժամանահատվածում զեկույցի նշանակությունն ընդլայնվել է: Ամբողջ աշխարհում կառավարությունները, միջպետական կազմակերպությունները, գիտնականները, լրագրողները, ակտիվիստները և այլոք այս զեկույցն այժմ հիմք են ընդունում ՝ աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ թարմ տեղեկություններ ստանալու նպատակով և տեղեկանալով այն մասին, թե որտեղ գրանցվել է առաջընթաց, որ երկրներում է առաջընթացը եղել դանդաղ կամ մեծ գնով է իրականացվել, և որտեղ են զարգացումներն ընդունել հակառակ ընթացք», - ասել է Հիլարի Քլինընը:

«Այս զեկույցների հիմքում ընկած է մի պարզ ճշմարտություն, որն ընկած է նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հիմքում, այն է՝ բոլոր մարդիկ ի ծնե ազատ են և հավասար՝ արժանապատվության և իրավունքների առումով: Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը հնարված չէ Արևմուտքում և միայն Ամերիկային հատուկ իդեալ չէ, այլ անվտանգության և կայունության համընդհանուր հիմքն է: Մարդու համընդհանուր իրավունքները ներառում են քաղաքացիների խաղաղ հավաքների և իրենց կառավարությունները խաղաղ եղանակով փոխելու իրավունքը՝ 2011 թվականին ամբողջ աշխարհում գրանցված իրադարձությունների հիմնական դրդապատճառը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի համաձայն, «պատմությունը հստակ վճռել է՝ իրենց քաղաքացիների իրավունքները հարգող կառավարությունները, որոնք գործում են համաձայնության, այլ ոչ թե հարկադրանքի միջոցով, առավել բարգավաճ են, կայուն և առավել հաջողակ՝ ի համեմատ նման եղանակով չգործող կառավարությունների», - Մարդու իրավունքների զեկույցի նախաբանում շեշտել է ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը:

ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից հրապարակված Մարդու իրավունքների զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանում մարդու իրավունքների բնագավառում ստեղծված իրավիճակին։

Մասնավորապես նշվել է, որ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում ամենանշանակալից խնդիրները եղել են կառավարությունը փոխելու քաղաքացիների իրավունքի, խոսքի և մամուլի ազատության, ինչպես նաև դատական մարմինների անկախության սահմանափակումները:

«Կառավարությունն ազատ է արձակել 2008 թվականին անվտանգության ուժերի և 2008 թվականին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների կապակցությամբ բանտարկված ընդդիմության վերջին վեց ներկայացուցիչներին: Կառավարությունը ապրիլի 28-ից սկսած թույլատրել է ցույցերի և ընդդիմության հավաքների անցկացումը մայրաքաղաքի այն մասում, որտեղ դրանք նախկինում արգելվել են, և բոլոր ցույցերն ու ընդդիմության հավաքներն անցկացվել են առանց միջադեպերի՝ չնայած Երևանից դուրս բնակվող ցուցարարների հավաքներին և ցույցերին մասնակցության համար ժամանելու փորձերը ժամանակ առ ժամանակ խոչընդոտների են հանդիպել», - ասված է զեկույցում:

«Լրատվամիջոցներում, մասնավորապես հեռուստատեսությամբ, շարունակվել է քաղաքական տեսակետների և անաչառ լրատվության պակասի իրավիճակը», - նշում է զեկույցում: - «Կառավարությունը ապաքրեականացրել է զրպարտությունը, սակայն սահմանել է քաղաքացիական նոր տուգանքներ, որոնք ստիպում են լրագրողներին և լրատվամիջոցներին դիմել ինքնագրաքննության: Անալոգային հեռուստատեսությունից թվայինի անցնելու գործընթացը նվազեցրել է բազմակարծությունը լրատվամիջոցներում: Դատարանները շարունակում են ճնշման ենթարկվել իշխանության գործադիր ճյուղի կողմից, իսկ դատավորները գործում են դատական այնպիսի մի մթնոլորտում, որտեղ դատարանը պետք է գրեթե բոլոր գործերով դատապարտյալին մեղավոր ճանաչի»:

Ըստ զեկույցի, 2011 թվականին մահացու կասկածելի դեպքեր են տեղի ունեցել զինված ուժերում՝ ոչ մարտական իրավիճակներում, շարունակվել են նաև սպաների և զինծառայողների կողմից այլ զինծառայողների նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերությունների դեպքերը, կրկին հնչեցվել են խոշտանգումների մեղադրանքներ:

Զեկուցում նշվում է, որ Հայաստանի քրեակատարողական բազմաթիվ հիմնարկներ եղել են գերբնակեցված, այնտեղ տիրել են հակասանիտարական պայմաններ, բանտարկության մեջ գտնվողներին բժշկական սպասարկում չի տրամադրվել, ոստիկանությունը կանոնավոր կերպով ծեծի է ենթարկել քաղաքացիներին՝ ձերբակալության և հարցաքննության ընթացքում:

«Իշխանությունները շարունակել են առանց ողջամիտ կասկածի ձերբակալել և ազատազրկել կասկածյալներին, ինչպես նաև կամայականորեն կալանքի տակ վերցնել մարդկանց՝ վերջիններիս քաղաքական պատկանելիության կամ քաղաքական գործունեության պատճառով: Իշխանությունները և օրենքները սահմանափակել են որոշ խմբերի կրոնական ազատությունը: Խնդիր է մնում կաշառակերությունը, որի դեմ իշխանությունները սահմանափակ միջոցներ են ձեռնարկել: Տնային բռնությունները դարձյալ խնդիր են ներկայացրել, սակայն իշխանություններին այդ մասին չի հաղորդվել: Մարդկանց թրաֆիքինգը նույնպես խնդիր է ներկայացրել, սակայն դրա դեմ իշխանությունները պայքար են ծավալել: Հաշմանդամների նկատմամբ խտրականություն է իրականացվել կյանքի գրեթե բոլոր ոլորտներում», - ասված է ԱՄՆ-ի արտգործնախարարության մարդու իրավունքների զեկուցում:

Զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանում լեսբիական, նույնասեռական, բիսեքսուալ և տրանսգենդերային (LGBT) անձանց, որոնց նկատմամբ, ըստ հրապարակման, հասարակության կողմից իրականցվել են չարաշահումներ, իսկ ռազմական և կալանավայրերի իշխանությունները այդ անձանց նկատմամբ խտրականություն են դրսևորել: Նշվել է նաև, որ Հայաստանում տեղ են գտել ստիպողական աշխատանքի դեպքեր, աշխատավորների իրավունքները սահմանափակ են եղել, իսկ գործող աշխատանքային օրենսդրությունը՝ քիչ կիրարկվող:

«Չնայած իշխանությունները պատժիչ միջոցներ են ձեռնարկել չարաշահումներ թույլ տված պաշտոնյաների նկատմամբ անվտանգության և այլ մարմիններում, անվտանգության ուժերի որոշ ծառայողներ շարունակել են անպատիժ կատարել մարդու իրավունքների խախտումներ՝ լինելով քաղաքացիական առաջնորդների ղեկավարության ներքո: 2008 թվականին անցկացված նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած խռովությունների ընթացքում քաղաքացիական ութ անձանց և ոստիկանության երկու ծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ կառավարության կողմից հրապարակված զեկույցում չեն հայտնաբերվել այն անձինք, որոնք պատասխանատվություն են կրում սպանությունների և ոստիկանության հիմնականում չհիմնավորված արձագանքի համար», - նշված է ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում:

XS
SM
MD
LG