Մատչելի հղումներ

«Freedom House»-ը հրապարակել է «Մամուլի ազատությունն աշխարհում 2011 թվականին» զեկույցը


«Freedom House» կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատությունն աշխարհում 2011 թվականին» ամենամյա զեկույցը:

Իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նշվել է, որ մամուլի ազատության ցուցանիշի համաձայն, աշխարհի 197 երկրներից 66-ը որակվել է «ազատ», 72-ը` «մասամբ ազատ» և 59-ը` «ոչ ազատ»:

Կազմակերպության վերլուծաբանների համաձայն, աշխարհի բնակչության ընդամենը 14,5 տոկոսն է ապրում ազատ մամուլ ունեցող երկրներում, մինչդեռ 45 տոկոսն ապրում է «մասամբ ազատ», իսկ 40,5 տոկոսը՝ «աչ ազատ» մամուլ ունեցող երկրներում:

Զեկույցի համաձայն, որ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում և Եվրասիայում զգալի հետընթաց է արձանագրվել՝ պայմանավորված սովորաբար բարձր ցուցանիշներ արձանագրող Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում գրանցված հետընթացով:

«Վարկանիշի զգալի անկում են ապրել Հունգարիան և Մակեդոնիան, ինչպես նաև Ուկրաինան: Ռուսաստանում մեդիայի նոր տեսակները փոքր-ինչ առաջընթաց են ապրել և մեղմել կառավարության կողմից մեդիա դաշտի գրեթե ամբողջական գրավումը, սակայն այդ նվաճումները դեռ պետք է ի մի բերվեն: Տարածաշրջանում նշանակալի բարելավում տեղի է ունեցել միայն Վրաստանում, Կոսովոյում և Մոնտենեգրոյում», - նշված է զեկույցում:

Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, ըստ զեկույցի, նշանակալի առաջընթաց է գրանցվել 2011 թվականին, սակայն, չնայած առաջընթացի, այս տարածաշրջանը շարունակում է մնալ աշխարհում ամենավատ արդյունքներն ունեցողը: «Լիբիան, Թունիսն ու Եգիպտոսը ոչ ազատ երկրների շարքից տեղափոխվել են մասամբ ազատ երկրների ցանկ: Բահրեյնն ու Սիրիան գրանցել են հետընթաց մամուլի ազատության ոլորտում՝ բողոքի շարժման մասնակիցների նկատմամբ գործադրվող բռնությունների պատճառով, իսկ Իրանում առկա են չափազանց մեծ թվով սահմանափակումներ և ազատազրկման մեջ են գտնվում մեկ տասնյակից ավելի լրագրողներ», - ասված է զեկույցում:

«Freedom House»-ի զեկույցի համաձայն, այս տարի Հայաստանի ցուցանիշները չեն փոխվել: Ինչպես նախորդ զեկույցում, Հայաստանում մամուլի ազատության վարկանիշը կազմել է 65 միավոր։ Աշխարհի պետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 149-րդ տեղը:

Կենտրոնական Եվրոպա և Եվրասիա տարածաշրջանում Հայաստանը զբաղեցնում է 21-րդ տեղը: Հայաստանին նախորդում են Ուկրաինան՝ 59, և Ղրղզստանը՝ 69 միավոր ցուցանիշներով:

Հարավային Կովկասի տարածաշրջանում Հայաստանից ավելի լավ ցուցանիշներ է գրանցել միայն Վրաստանը՝ զբաղեցնելով 52-րդ տեղը:

Ադրբեջանը գրանցել է 80 միավոր ցուցանիշը և համարվում է ոչ ազատ մամուլ ունեցող երկիր։ Նույնպիսի արդյունք ունեն նաև Ռուսաստանը:

«Մամուլի ազատության տեսակետից վատթարագույն երկրներն են Բելառուսը, Կուբան, Հասարակածային Գվինեան, Իրանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Հյուսիսային Կորեան: Այս երկրներում ազատ մամուլ գոյություն չունի կամ գրեթե չի գործում, մամուլը կատարում է վարչակարգի «խոսափողի» դերը, քաղաքացիները չունեն ազատ և անաչառ տեղեկատվություն ստանալու հնարավորություն, իսկ այլախոհությունը ճնշվում է ազատազրկմամբ, խոշտանգումներով և ճնշումների այլ եղանակներով», - նշված է «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:

XS
SM
MD
LG