Իսպանիայի և Թաիլանդի պաշտոնատար անձինք հայտնել են, որ հաջողվել է ձերբակալել անձնագրերի կեղծմամբ զբաղվող միջազգային մի հանցախմբի մասնակիցներին: Հանցախումբը ենթադրաբար կեղծ անձնագրեր է մատակարարել ամբողջ աշխարհում գործող ահաբեկչական խմբերի:
Թաիլանդի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալված 10 կասկածյալները ենթադրաբար կեղծ անձնագրեր են տրամադրել 2004 թվականին Մադրիդում 191 զոհի պատճառ դարձած ահաբեկչական հարձակումների մեջ մեղադրվող մահմեդական զինյալներին:
Իսպանիայի իշխանությունները կեղծ անձնագրերի վաճառքով զբաղվող հանցախմբի գործունեությունը կապում են նաև Պակիստանի զինյալ «Լաշքար-է-Թայիբա» խմբի հետ, որը մեղադրվում է 2008 թվականին Մումբայում 166 մարդկային զոհի պատճառ դարձած հարձակումն իրագործելու մեջ:
Հանցախմբի մասնակիցները Իսպանիայում զբոսաշրջիկներից անձնագրեր են գողացել և հետզհետե կեղծել Թաիլանդում: Կեղծ անձնագրերը վաճառվել են ահաբեկիչներին և հանցավոր տարրերին: