Մատչելի հղումներ

Իսպանիայի կառավարությունը ֆինանսական խիստ խնայողության նոր միջոցներ կձեռնարկի


Երկրի տնտեսության վերաբերյալ ունեցած անվստահությունն այս շաբաթ զգալիորեն բարձրացրել է կառավարության կողմից կատարվող փոխառությունների տոկոսադրույքները

Իսպանիայի կառավարությունը նախատեսում է ներկայացնել ֆինանսական խնայողության մի շարք նոր միջոցներ, որոնք պետք է առավել դյուրին դարձնեն բյուջեի ծավալված ճգնաժամի կապակցությամբ օգնության դիմելու գործընթացը:

Կառավարութունը նման այս միջոցների մանրամասները, ինչպես նաև 2013 թվականի բյուջեն կներկայացնի հինգշաբթի օրը: Սպասվում է, որ այս միջոցները կներառեն հարկերի բարձրացումը, փոփոխություններ կենսաթոշակային համակարգում և պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման դադարեցումը:

Ֆինանսական խիստ խնայողության միջոցների դեմ հանդես եկող ցուցարարները չորեքշաբթի ուշ երեկոյան հավաքվել են Մադրիդի խորհրդարանի շենքի մոտ՝ հրաժարական ներկայացնելու կոչ անելով վարչապետ Մարիանո Ռախոյին:

Իսպանիայում գործազրկությունը կազմում է մոտ 25 տոկոս, իսկ երկրի տնտեսության վերաբերյալ ունեցած անվստահությունն այս շաբաթ զգալիորեն բարձրացրել է կառավարության կողմից կատարվող փոխառությունների տոկոսադրույքները: Իսպանիայի ֆինանսների նախարարությունը, բացի այդ, հայտնել է երկրում տնտեսական ճգնաժամի խորացման մասին:

Վարչապետ Ռախոյի վրա վերջերս ավելանում է եվրոյի գոտու այլ պետությունների կողմից գործադրվող ճնշումը, որոնց կարծիքով եկել է ժամանակը, որպեսզի Իսպանիան դիմի եվրոյի գոտու պետություններին ֆինանսական օգնություն տրամադրող հիմնադրամի աջակցության:

Պետական բյուջեի ճգնաժամն արդեն իսկ ստիպել է միջազգային ֆինանսական օգնության դիմել Հունաստանին, Իռլանդիային և Պորտուգալիային:
XS
SM
MD
LG