Մատչելի հղումներ

Սորոսը նվիրաբերելու է 100 միլիոն դոլար «Հյուման Ռայթս Ուոչ» իրավապաշտպան կազմակերպությանը


Միլիարդատեր ֆինանսիստ Ջորջ Սորոսը «Հյուման Ռայթս Ուոչ» իրավապաշտպան կազմակերպությանն առաջարկել է ափշեցուցիչ 100 միլիոն դոլարի նվիրատվություն: Նա ցանկանում է, որ մարդու իրավունքների պաշտպան ամերիկյան կազմակերպությունը տասը տարվա ընթացքում ամեն տարի ստանա 10 միլիոն դոլար:

Ջորջ Սորոսն ասել է, որ սկսել է նվիրատվություններ տրամադրել «Հյուման Ռայթս Ուոչ» կազմակերպությանը, քանի որ չի ուզում, որ այն կորցնի իր աշխատանքի հիմքում ընկած նվիրվածության ոգին: Նա ասել է, որ «Հյուման Ռայթս Ուոչ»-ի դերը անկում է ապրել, «քանի որ Ամերիկան կորցրել է մարդու իրավունքներն առաջ քաշելու բարոյական բարձր հիմքերը: Եվ ես ցանկանում եմ, որ այս կազմակերպությունը դառնա իսկապես միջազգային կազմակերպություն, որում ամերիկյան աշխատակիցները կազմեն մի չնչին փոքրամասնություն»:

Նրա խոսքերով, «Բուշի վարչակազմի օրոք Ամերիկան կորցրել է բարոյական հիմքերը, քանի որ ամերիկացիներն իրենք էին խախտում մարդու իրավունքները` վտանգի տակ դնելով մարդու իրավունքների ոլորտում ամերիկացիների առաջնորդությունը, հավաստիությունը և օրինականությունը: Շարժման համար դա շատ մեծ հետընթաց է»: Նա հորդորում է ճանաչել Իրաքի պատերազմի ընթացքում կատարված խախտումները և ուղղել սխալները: «Այլապես դրանք ընդմիշտ ծառացած կլինեն մեր վրա», ասել է նա:

«Նյու Յորք թայմս» օրաթերթի համաձայն, սա Ջորջ Սորոսի կողմից տրամադրված և «Հյուման Ռայթս Ուոչ» կազմակերպության կողմից ստացված ամենախոշոր նվիրատվությունն է:

XS
SM
MD
LG