Մատչելի հղումներ

Սոմալիում զինյալներն արգելել են օգնություն տրամադրող միջազգային կազմակերպությունների գործունեությունը


Սոմալիում Աֆրիկյան Միության զինծառայողներ (արխիվային լուսանկար)
Սոմալիում Աֆրիկյան Միության զինծառայողներ (արխիվային լուսանկար)

Սոմալիում գործող «ալ-Շաբաբ» զինյալների կազմակերպությունն արգելել է այս երկրում օգնություն տրամադրող միջազգային կազմակերպությունների գործունեությունը:

Բացի դրանից, «ալ-Շաբաբի» զինյալները երկրի կենտրոնական և հարավային մասերում հարձակումներ են իրականացրել օգնություն տրամադրող միջազգային կազմակերպությունների գրասենյակների վրա:

«Ալ-Քայիդա»-ի հետ կապեր ունեցող զինյալների այս խումբը երկուշաբթի օրը կարգադրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին և Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությանը, ինչպես նաև մի շարք այլ կազմակերպությունների դադարեցնել իրենց գործունեությունը զինյալների կողմից վերահսկվող տարածքներում:

«Ալ-Շաբաբ»-ը նախկինում ևս խոչընդոտներ է առաջացրել օգնություն տրամադրող միջազգային կազմակերպությունների աշխատողների համար, որոնք փորձում էին միլիոնավոր մարդկանց պարենային օգնություն տրամադրել: Միավորված ազգերի կազմակերպության տվյալների համաձայն, Սոմալիի երեք շրջաններում դեռևս շարունակվում է սովը, ինչի պատճառով վտանգ է սպառնում մոտ 250 հազար մարդու կյանքին:

Զինյալների այս կազմակերպության մարտիկներն օգոստոս ամսին լքել են երկրի մայրաքաղաք Մոգադիշոն, սակայն նրանց վերահսկողության տակ դեռևս մնում են երկրի կենտրոնական և հարավային տարածքների մեծամասնությունը:

«Ալ-Շաբաբ»-ի դեմ Սոմալիում պայքար են մղում Քենիայի, Աֆրիկյան Միության և Սոմալիի անցումային կառավարության զինված ուժերը: Եթովպիայի կառավարությունն անցյալ շաբաթ հայտնել էր, որ նույնպես ուժեր կտրամադրի՝ զինյալների դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով:

XS
SM
MD
LG