Մատչելի հղումներ

Սոմալին օգնություն է հայցում` մահմեդական զինյալների առաջընթացի դեմն առնելու համար


Սոմալիի կառավարությունը հայցել է հրատապ օգնության, քանի որ մահմեդական զինյալները սպառնում են ամբողջությամբ գրավել երկրի մայրաքաղաք Մոգադիշոն:

Զինյալների «Ալ Շահաբ» խմբավորումը փորձել է գրավել Մուքա-Մուարամա հիմնական ճանապարհը, որը կառավարության կողմից վերահսկվող դիրքերը միացնող հիմնական ճանապարհն է: Շաբաթ օրը «Ալ Շահաբ»-ին հաջողվել էր կարճ ժամանակով վերահսկողություն հաստատել ճանապարհի վրա:

Երկուշաբթի օրը Սոմալիի նախագահ Շեյխ Շարիֆ Շեյխ Ահմեդը «միջազգային հանրությանը հրատապ օգնության» կոչ է հղել: Նա ասել է, որ Սոմալին իր սեփական ուժերով չի կարող կասեցնել այն, ինչ նա անվանել է «Ալ Քաիդայի և Ալ Շահաբի աղետալի դաշինք»:

Անցած երկուշաբթի օրը «Ալ Շահաբ» խմբավորումը նոր հարձակում է սկսել ընդդեմ կառավարության և Աֆրիկյան միության խաղաղապահ ուժերի: Մոգադիշոյում գտնվող հյուրանոցներից մեկի վրա կատարված հարձակման ժամանակ զինյալները սպանել էին ավելի քան 30 մարդ:

Երկրի կառավարության համաձայն, Սոմալիում գործող «Ալ Շահաբ» խմբավորմանը սատարում են օտարերկրյա հազարավոր մարտիկներ:

Աֆրիկյան միությունը կառավարությանն օգնություն տրամադրելու համար արդեն Մոգադիշո է ուղարկել մոտ 6000 զինվոր և խոստացել ավելացնել նրանց թիվը:

XS
SM
MD
LG