Մատչելի հղումներ

Սոչիում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն


Սոչիում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն
Սոչիում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերով 2012 թվականի հունվարի 23-ին Սոչիում անցկացվել է հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները:

Նախագահների հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որտեղ երեք երկրների ղեկավարներն ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ իրականացված աշխատանքի մեծ ծավալը՝ սկսած 2008 թվականի նոյեմբերի 2-ի նախագահների հանդիպումից, երբ ընդունվեց մոսկովյան հռչակագիրը:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, համատեղ հայտարարությունում նախագահները հայտարարել են, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում առաջընթաց է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ:

Համատեղ հայտարարության մեջ նշվել է, որ, նկատի ունենալով Խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու կարևորությունը, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները պատրաստակամություն հայտնեցին արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը` հաշվի առնելով մինչ այժմ իրականացված աշխատանքը:

«Երկու նախագահները բարձր գնահատեցին Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահ մյուս երկրների միջնորդական առաքելությունն ու հույս հայտնեցին, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում ևս ակտիվ դերակատարություն կունենան կարգավորման գործում` ընդհուպ մինչև տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը» - ասված է հայտարարությունում:

Նախագահների կողմից ընդունված համատեղ հայտարարությունում գրված է, որ «ի զարգացումն 2011 թվականի մարտի 5-ին Սոչիում արված Համատեղ հայտարարության դրույթի, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահներն ի գիտություն ընդունեցին համանախագահների և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության անցկացման մեխանիզմի վերաբերյալ համատեղ մշակած զեկույցը և հանձնարարեցին շարունակել այդ աշխատանքը»:

«Նախագահները հաստատեցին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման համատեքստում վստահության ամրապնդման միջոցներից է կողմերի միջև հումանիտար շփումների զարգացումը: Այդ առումով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին նպաստելու մտավորականության, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջև հետագա երկխոսության հաստատմանը», - եզրափակում է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների համատեղ հայտարարությունը:

XS
SM
MD
LG