Մատչելի հղումներ

«Սնոուդենի ճակատագիրը դեռևս որոշված չէ». փաստաբան


Էդվարդ Սնոուդենին իրավական հարցերում օգնություն տրամադրող փաստաբան Անատալի Կուչերենա
Էդվարդ Սնոուդենին իրավական հարցերում օգնություն տրամադրող փաստաբան Անատալի Կուչերենա

Սենատոր Մենենդեսի համաձայն, Սնոուդենի մոտ դեռևս կան գաղտնի փաստաթղթեր

ԱՄՆ-ի ԱԱԾ-ի պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենի հետ ունեցած հանդիպումից հետո վերջինիս իրավական հարցերում օգնություն տրամադրող փաստաբան Անատալի Կուչերենան ասել է, թե Սնոուդենին «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտին լքելու հնարավորություն ընձեռող փաստաթղթերը դեռևս պատրաստ չեն:

«Այս հարցը դեռևս լուծված չէ: Ցավոք, ստեղծված՝ Ռուսաստանի համար ոչ ստանդարտային իրավիճակը դեմ առ դեմ է կանգնել բյուրոկրատիայի հետ. փաստաթղթերը դեռևս ուսումնասիրվում են: Պետք է որոշ ժամանակ սպասել և հուսալ, որ այս հարցը կլուծվի գալիք մի քանի օրվա ընթացքում», - ասել է Սնոուդենի փաստաբանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ փաստաբանը պետք է Սնոուդենին տրամադրեր «Շերեմետևո» օդանավակայանը լքելու հնարավորություն տրամադրող տեղեկանք Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայությունից:

Սնոուդենի փաստաբանը, բացի այդ, հայտնել է, թե ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների պայմանագրային նախկին աշխատողը Ռուսաստանում ընդմիշտ մնալու ցանկություն է հայտնել: Փաստաբանի համաձայն, Սնոուդենը նախատեսում է աշխատանք գտնել և, հնարավորություն ունենալու դեպքում՝ ճանապարհորդել:

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն այս ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Ռուսատանի կողմից Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստանի տրամադրումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների վրա:

«Էդվարդ Սնոուդենը փախուստի դիմած հանցագործ է, որը պետք է կանգնի դատարանի առջև՝ լրտեսության մասին լուրջ մեղադրանքներով: Նրա մոտ դեռևս կան գաղտնի փաստաթղթեր, և Ռուսաստանի կամ որևէ այլ պետության կողմից նրան քաղաքական ապաստան տրամադրելու պատրաստակամությունն անմիջականորեն առնչվում է ազգային անվտանգության մեր գերակայությունների հետ: Սնոուդենի կողմից գաղտնի տեղեկությունների հրապարակումից կարող են օգտվել մեր թշնամիները, և ես հորդորում եմ Ռուսաստանին անմիջապես փոխանցել Սնոուդենին Միացյալ Նահանգներին», - ասել է սենատոր Մենենդեսը:
XS
SM
MD
LG