Մատչելի հղումներ

Սնոուդենը բացահայտել է ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների «սև բյուջեն»


Փաստաթղթում բացահայտվում է, թե ինչպես է Միացյալ Նահանգների կառավարությունը տարեկան տասնյակ միլիարդովոր դոլար կազմող գումարներ տրամադրել լրտեսական ծրագրերին

ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենն իրականացրել է ևս մեկ հույժ գաղտնի փաստաթղթի «արտահոսք»: Փաստաթղթում բացահայտվում է, թե ինչպես է Միացյալ Նահանգների կառավարությունը տարեկան տասնյակ միլիարդ դոլար կազմող գումարներ տրամադրել լրտեսական ծրագրերին:

Սնոուդենի կողմից բացահայտված տեղեկությունների համաձայն, 2013 ֆինանսական տարվա ընթացքում լրտեսական գործողությունների իրականացման նպատակով «կողքի է դրվել» 52,6 միլիարդ դոլար կազմող «սև բյուջե»:

Չնայած ԱՄՆ-ի կառավարությունն ամեն տարի հրապարակում է տեղեկություններ հետախուզական աշխատանքներին հատկացվող գումարների ծավալների մասին, սակայն 178-էջանոց փաստաթղթում մանրամասն բացահայտվում է, թե որ գործակալությանը որքան գումար է հատկացվում: Որոշ չափով բացահայտվել են նաև այն տեղեկությունները, թե ինչպես են գործակալություններն օգտագործում տրամադրված ֆինանսական միջոցները:

Հետախուզական ծառայությունների ֆինանսավորման ամսին տեղեկություները հրապարակած «Վաշինգտոն Փոստ» պարբերականի համաձայն, տեղեկությունները տրամադրվել են ԱՄՆ-ի անվտանգության ազգային գործակալության նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենի կողմից:

Չնայած պարբերականը հրապարակել է ԱՄՆ-ի հետախուզական համայնքը կազմող 16 գործակալություններից յուրաքանչյուրի ծախսերին վերաբերող աղյուսակներն ու գրաֆիկները, սակայն, ըստ պարբերականի, «որոշ տեղեկություններ չեն հրապարակվել՝ նման տեղեկությունների հրապարակման հետևանքով հետախուզության աղբյուրներին և մեթոդներին հնարավոր վտանգի մասին մտահոգություն հայտնած ԱՄՆ-ի պաշտոնյաների հետ անցկացված խորհրդակցություններից հետո»:

Հրապարակված տեղեկությունների համաձայն, հետախուզական «սև բյուջեից» ֆինանսավորում է տրամադրվել հետախուզական մի շարք արբանյակների արտադրման, բարձր տեխնոլոգիաներ պարունակող սարքավորումներ գնելուն, ինչպես նաև նման տեխնոլոգիաների հետ աշխատելու հմտություններ ունեցող աշխատողների աշխատանքը վարձատրելու նպատակով:
XS
SM
MD
LG