Մատչելի հղումներ

Ֆրանսիան և Մեքսիկան բացատրություն են պահանջել Սնոուդենի նոր բացահայտումների շուրջ


Ֆրանսիայի և Գերմանիայի մամուլի վկայությամբ, ԱՄՆ-ի ԱԱԳ-ը տեղեկություններ էր հավաքում Ֆրանսիայի բնակիչների կողմից արված միլիոնավոր հեռախոսազանգերի մասին և ընթերցում Մեքսիկայի նախկին նախագահի նամակագրությունը

Ֆրանսիան և Մեքսիկան պահանջել են Միացյալ Նահանգներից բացատրություններ ներկայացնել ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենի կողմից Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունների գործունեության շուրջ բացահայտված նոր տեղեկությունների վերաբերյալ:

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն երկրի արտգործնախարարություն է հրավիրվել Միացյալ Նահանգների դեսպանը, որից պահանջել են բացատրություններ ներկայացնել «Le Mond» օրաթերթում հրապարակված հոդվածում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ: Ըստ հոդվածի, Միացյալ Նահանգների ազգային անվտանգության գործակալությունը հետախուզական լայնածավալ գործունեություն է իրականացրել Ֆրանսիայի քաղաքացիների նկատմամբ:

«Le Mond» օրաթերթի հոդվածում նշված է, որ ԱՄՆ-ի ԱԱԳ-ը մեկ ամսվա ընթացքում տեղեկություններ է հավաքել Ֆրանսիայի քաղաքացիների տասնյակ միլիոնավոր հեռախոսազրույցների մասին:

Ֆրանսիայի արտգործնախարարը «ցնցող» է անվանել այս հաղորդագրությունները:

Մեքսիկայի իշխանություններն իրենց հերթին երկուշաբթի օրը վրդովմունք են արտահայտել գերմանական «Der Spiegel» շաբաթաթերթում հրապարակված հոդվածի կապակցությամբ, որտեղ Էդվարդ Սնոուդենը մեղադրել է ԱՄՆ-ի ԱԱԳ-ը Մեքսիկայի նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնի էլեկտրոնային նամակագրության ընթերցման մեջ:

Մեքսիկայի արտգործնախարարությունն «անընդունելի, անօրինական, Մեքսիկայի և միջազգային օրենսդրությունը խախտող» է անվանել նման գործողությունները:
XS
SM
MD
LG