Մատչելի հղումներ

Էդվարդ Սնոուդենի հայրը ժամանել է Մոսկվա


Էդվարդ Սնոուդենի հայրն ասել է, թե Ռուսաստան կատարվող այցի ընթացքում հույս ունի հանդիպելու իր որդուն, սակայն տեղյակ չէ նրա ապագա ծրագրերից

ԱՄՆ-ի անվտանգության ազգային գործակալության նախկին վերլուծաբան Էդվարդ Սնոուդենի հայրը ժամանել է Մոսկվա՝ հույս ունենալով հանդիպել իր որդուն, որին Ռուսաստանն այս տարի ավելի վաղ ապաստան էր տրամադրել:

Էդվարդ Սնոուդենին ԱՄՆ-ի դաշնային դատարանը մեղադրել է «Լրտեսության մասին» օրենքը խախտելու մեջ՝ Միացյալ Նահանգների պետական լրտեսական ծրագրերի մանրամասները հրապարակելուց հետո:

Լոն Սնոուդենը հինգշաբթի օրը ժամանել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան, որտեղ իր որդին անցկացրել էր մեկ ամսից երկար ժամանակ՝ սպասելով ապաստան տրամադրելու որոշման:

Էդվարդ Սնոուդենի հայրն ասել է, թե Ռուսաստան կատարվող այցի ընթացքում հույս ունի հանդիպելու իր որդուն, սակայն տեղյակ չէ նրա ապագա ծրագրերից:

Սնոուդեն-ավագի համաձայն, ինքը համոզված չէ, թե արդյոք Էդվարդը կվերադառնա Միացյալ Նահանգներ, սակայն «շատ շնորհակալ է Ռուսաստանին՝ այս երկրում Էդվարդ Սնոուդենի անվտանգությունը, ապահովությունն ու ազատությունը երաշխավորելու համար»:

«Չեմ կարող խոսել իմ որդու փոխարեն և իրավական խնդիրների շուրջ: Ես նրա հայրն եմ և չեմ ցանկանում այժմ հայտնել իմ տեսակետները: Ես պարզապես շնորհակալ եմ իմ որդու անվտանգությունն ու ազատությունն ապահովելու համար», - ասել է Լոն Սնոուդենը:

Սնոուդեն-ավագին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում դիմավորել է Ռուսաստանում Էդվարդ Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենան:
XS
SM
MD
LG