Մատչելի հղումներ

Սնոուդենը հետ է վերցրել Ռուսաստանում քաղաքական ապաստան ստանալու դիմումը


«Վիքիլիքս»-ը Սնոուդենի անունից քաղաքական ապաստան տրամադրելու մասին դիմումներ է ներկայացրել ևս 19 պետության

Փախուստի մեջ գտնվող Էդվարդ Սնոուդենը հետ է վերցրել Ռուսաստանում քաղաքական ապաստան ստանալու մասին իր ներկայացրած դիմումն այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե ինքը կարող է մնալ Ռուսաստանում միայն այն դեպքում, եթե դադարեցնի ԱՄՆ-ի հետախուզական ծրագրերի վերաբերյալ տեղեկությունների արտահոսքը:

Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակը, որը նաև հաստատել է, որ Սնոուդենը դեռևս մնում է Մոսկվայի օդանավակայանի տարանցման գոտում:

Սնոուդենին աջակցություն ցուցաբերող «Վիքիլիքս» կազմակերպությունը երեքշաբթի օրը հայտնել է, թե Սնոուդենի անունից քաղաքական ապաստան տրամադրելու մասին դիմումներ է ներկայացրել ևս 19 պետության, այդ թվում՝ Չինաստանին, Բրազիլիային, Հնդկաստանին, ինչպես նաև Եվրոպայի մի շարք պետությունների, որոնցից մի քանիսը Միացյալ Նահանգների դաշնակիցներ են: Քաղաքական ապաստան տրամադրելու մասին դիմումներ ավելի վաղ ներկայացվել էին Էկվադորին և Իսլանդիային:

ԿՀՎ-ի նախկին աշխատող Սնոուդենը նախօրեին դադարեցրել է գրեթե մեկ շաբաթ տևած լռությունը՝ մեղադրելով ԱՄՆ-ի Սպիտակ տանը «քաղաքացիությունը որպես զենք օգտագործելու մեջ» և ասելով, որ Միացյալ Նահանգների կողմից իր անձնագրի միակողմանի հետկանչի հետևանքով նա վերածվել է քաղաքացիություն չունեցող անձի:

Ռուսաստանի ներգաղթի ոլորտի պաշտոնյաները երկուշաբթի օրը հայտնել էին, որ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից որոնվող Էդվարդ Սնոուդենը դիմել էր Ռուսաստանին՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Սնոուդենի հետ ճանապարհորդող «Վիքիլիքս»-ի ակտիվիստներից մեկը քաղաքական ապաստան ստանալու մասին դիմում էր հանձնել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում գործող Ռուսաստանի հյուպատոսությանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արձագանքելով Սնոուդենի կողմից քաղաքական ապաստան տրամադրելու մասին դիմում ներկայացնելու լուրերին, ասել էր, որ իր երկիրը երբեք ոչ ոքի չի փոխանցել, և որ Սնոուդենը կարող է մնալ Մոսկվայում՝ ԱՄՆ-ի գաղտնի տեղեկությունների բացահայտումը դադարեցնելու պայմանով:
XS
SM
MD
LG