Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) հրապարակել է 2012 թվականի զեկույցը, որտեղ ներկայացված է 2011 թվականին աշխարհում անվտանգության, զինվելու և զինաթափվելու միտումները:
Զեկույցի «Հայաստանին և Ադրբեջանին զենքի ձեռքբերում» բաժնում նշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի կողմից սպառազինություն ձեռք բերելու նպատակով վերջերս իրականացված գործարքները, պատվերներն ու ներկրման ծրագրերը մեծացնում են երկու երկրների միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերսկսման հավանականությունը:
«Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց են մեղադրում սպառազինությունների մրցավազքի իրականացման մեջ» - նշում են Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի մասնագետները:
«Հայաստանի կողմից վերջին տարիներին ձեռք բերված զենքի և զինամթերքի վերաբերյալ հանրությանը հասանելի տեղեկատվությունը սահմանափակ բնույթ է կրում, սակայն 2010 և 2011 թվականներին Հայաստանը հայտարարել էր ավելի ժամանակակից ռազմական տեխնիկա ձեռք բերելու ծրագրերի մասին, ինչը փոխկապակցված է Ադրբեջանի կողմից սպառազինության գնումների աճող ծավալների հետ», - գրում են ինստիտուտի մասնագետները:
Հիշեցնելով, որ ԵԱՀԿ-ի կողմից տարիներ առաջ սահմանված զենքի մատակարարման կամայական էմբարգոն ուժի մեջ է, Ինստիտուտի կողմից հրապարակված զեկույցը նշում է, որ ԵԱՀԿ-ի անդամ պետություններն այնուամենայնիվ տարբեր կերպ են մեկնաբանում այս էմբարգոն, և սպառազինությունների մատակարարումը և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին շարունակվում է:
«Ռուսաստանը երկու կողմերին զենքի հիմնական մատակարարն է», - ասված է զեկույցում: - «Հայաստանը զենք մատակարարողների ավելի սահմանափակ շրջանակ ունի և չափազանց մեծ կախվածություն Ռուսաստանից՝ զենքի մատակարարման հարցում», - ընդգծում են զեկույցի հեղինակները:
Զեկույցում նշվում է, որ, ի տարբերություն Հայաստանին, Ադրբեջանը վերջին շրջանում լիցենզիայի հիման վրա զենքի արտադրության բազմաթիվ պայմանավորվածություններ է ձեռք բերել Իսրայելի, Հարավային Աֆրիկայի և Թուրքիայի հետ, քանի որ ջանում է արտերկրյա տեխնոլոգիան օգտագործել՝ ռազմական սեփական արդյունաբերությունը զարգացնելու նպատակով: