Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի բարձրաստիճան հանձնակատարը բանակցություններ է անցկացրել Չինաստանում


Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գծով ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Քուրթ Քեմփբել
Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գծով ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Քուրթ Քեմփբել

ԱՄՆ-ի բարձրաստիճան հանձնակատար Քուրթ Քեմփբելը Պեկինում չորեքշաբթի օրը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Իլի մահվանից հետո այս երկում կայունությունը պահպանելու շուրջ բանակցություններ է անցկացրել Չինաստանի պաշտոնատար անձանց հետ:

Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գծով ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Քեմփբելը Չինաստանի արտգործնախարարության պաշտոնատար անձանց հետ հանդիպումից հետո հայտնել է, որ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը Հյուսիսային Կորեայի հարցում նույն առաջնահերթություններն ունեն:

«Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեային՝ կարծում են, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը վճռական են խաղաղությունն ու կայունությունը պահպանելու գործում: Երկու կողմերը շեշտել են, թե որքան կարևոր կլինի այս հարցի շուրջ Վաշինգտոնի և Պեկինի միջև գալիք մի քանի ամսվա և շաբաթվա ընթացքում սերտ համագործակցության պահպանումը», - նշել է փոխարտգործնախարար Քեմփբելը:

Քեմփբելը նաև հորդորել է տարածաշրջանի բոլոր կողմերին «ստեղծված իրավիճակում զգուշություն ցուցաբերել և զերծ մնալ որևէ սադրանքներից»:

Սպասվում է, որ ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալը չորեքշաբթի օրվա վերջին կժամանի Հարավային Կորեա, որի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Վաշինգտոնն ու Սեուլը մոտակա ժամանակներում կստորագրեն Հյուսիսային Կորեայի կողմից հնարավոր սադրանքները կանխելուն ու զորավարժությունների անցկացումն ակտիվացնելուն ուղղված համատեղ ընթացիկ ծրագիր:

Փոխարտգործնախարար Քեմփբելն ուրբաթ կժամանի Ճապոնիա, որը տարածաշրջանում ԱՄՆ-ի ևս մեկ կարևոր դաշնակից է հանդիսանում:

XS
SM
MD
LG