Մատչելի հղումներ

Սենատոր Մենենդեսը Ալիևին ներողություն խնդրելու կոչ է արել


Ռոմբերտ Մենենդեսը դատապարտել է Ալիևի կողմից մարդասապանին ներում շնորհելը

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը քննադատել է կացնահարությամբ մարդասպանություն իրականացման համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու փաստը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ Սաֆարովին հայազգի Գուրգեն Մարգարյանի նողկալի սպանության համար ներելու, զինվորական բարձր կոչում շնորհելու և փառաբանելու համար:

«Զարհուրելի եմ համարում նախագահ Ալիևի կողմից Ռամիլ Սաֆարովին վերջինիս սարսափելի հանցագործության համար ներում շնորհելու մասին կայացրած որոշումը: Վրդովված և զզվանքի զգացում եմ ապրում այն ընդունելությամբ, որին արժանացել է Սաֆարովն Ադրբեջան վերադառնալուն պես՝ հերոսի նման դիմավորելը, անվճար բնակարանն ու զինվորական բարձր կոչում շնորհելը: Արդարության այս բացահայտ անտեսումն անդընդունելի է, և ես հնարավոր ամենախիստ եղանակով դատապարտում եմ այն», - ասված է սենատորի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Ես նույնպես մտահոգված եմ Հունգարիայի կողմից Սաֆարովին հանձնելու մասին որոշմամբ և համոզված եմ, որ, հաշվի առնելով հանձնման համաձայնագրի խախտումը, Հունգարիան այժմ պետք է պահանջի Ռամիլ Սաֆարովի վերադարձը՝ վերջինիս պատիժը մինչև վերջ կրելու համար», - ասված է սենատոր Մենենդեսի հայտարարության մեջ:

«Այս պահին, երբ Կովկասի տարածաշրջանում տիրում է խիստ լարված իրավիճակ, նախագահ Ալիևի այս խիստ ողբալի գործողությունները խարխլում են վստահությունն իր կառավարության նկատմամբ և Հայաստանի հետ տարաձայնությունների խաղաղ լուծման ուղղությամբ աշխատելու իր հանձնառությունը», - ասում է սենատոր Մենենդեսը:

«Կոչ եմ անում նախագահ Ալիևին ներողություն խնդրել Գուրգեն Մարգարյանի ընտանիքից, իսկ միջազգային հանրությանը՝ պահանջել ցմահ բանտարկության պատիժը ամբողջությամբ կրելու համար Սաֆարովի Հունգարիա վերադարձը», - պահանջում է սենատորը՝ շեշտելով. «Հասկանալի է, որ այս հարցի վերաբերյալ միջազգային կամ երկկողմանի պարտավորությունները կատարելու կապակցությամբ անհնար է վստահել Ադրբեջանի կառավարությանը»:
XS
SM
MD
LG