Մատչելի հղումներ

Սենատոր Բրաունը վերահաստատել է Թուրքիայում կրոնական ազատությունների վերաբերյալ օրենսդրության կարևորությունը


«Հայոց ցեղասպանության հիշատակի 97-րդ տարելիցի մոտենալուն պես Մասաչուսեթս նահանգի սենատոր, հանրապետական Սքոթ Բրաունը վերահաստատել է ամերիկահայերի խնդիրների լուման իր հանձնառությունը»:

Ամերիկայի հայկական համագումարի կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն, սենատոր Բրաունն ասել է, որ «անհրաժեշտ է ապահովել, որ Թուրքիան հարգի քրիստոնյաների իրավունքները»:

«Երկու կուսակցությունների ներկայացուցիչների կողմից հեղինակած բանաձևում հստակ նշվում է, որ Թուրքան պետք է վերջ դնի բոլոր տեսակի կրոնական հետապնդումներին և վերադարձնի եկեղեցիներին պատկանող բռնագրավված ամբողջ գույքը: Կաշխատեմ, որպեսզի Սենատն արագ ընդունի այս բանաձևը», - նշել է սենատոր Սքոթ Բրաունը:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի սկզբին Մասաչուսեթս նահանգի սենատոր, հանրապետական Սքոթ Բրաունը, Կալիֆորնիա նահանգի սենատոր, դեմոկրատ Դայեն Ֆայնստայնը և Իլինոյս նահանգի սենատոր, հանրապետական Մարկ Քըրքը ներկայացրել են երկու կուսակցությունների կողմից սատարվող թիվ 392 օրինագիծ` հորդորելով ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընին ավելացնել ճնշումը Թուրքիայի վրա քրիստոնեական եկեղեցիներին պատկանող հափշտակված ունեցվածքը վերադարձնելու և կրոնական փոքրամասնություններին հավատքի համապարփակ ազատություն տրամադրելու հարցում:

Սենատորների կողմից ներկայացված օրինագծում Թուրքիային մասնավորապես կոչ է արվել վերադարձնել քրիստոնեական եկեղեցիներին պատկանող բռնագրավված ամբողջ գույքը, ներառյալ «եկեղեցիները և պաշտամունքի այլ վայրերը, վանքերը, դպրոցները և հիվանդանոցները, հուշարձանները, մասունքները և սրբավայրերը, ներառյալ կրոնական շարժական գույքը, այդ թվում գեղարվեստի աշխատանքներն ու ձեռագրերը, հանդերձանքը, անոթներն ու գույքը»:

Օրինագիծը, բացի այդ, հորդորում է Թուրքիային վերացնել հունական և հայկական եկեղեցիների կրոնական կրթության, նշանակումների և ժառանգորդության կարգի ճանապարհին ստեղծված խոչընդոտները:

ԱՄՆ-ի սենատորների կողմից ներկայացված օրինագծում Թուրքիայի կառավարությանը կոչ է արվել նաև կատարել քրիստոնյաների իրավունքները և կրոնի ազատությունը պաշտպանելու գործում այս երկրի կողմից ստանձնած միջազգային պարտականությունները:

XS
SM
MD
LG