Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարը մեկնարկել է եվրոպական շրջագայությունը


Արտգործնախարար Քլինթընը՝ Դանիայի թագուհու հետ հանդիպման ժամանակ
Արտգործնախարար Քլինթընը՝ Դանիայի թագուհու հետ հանդիպման ժամանակ

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն այսօր ժամանել է Դանիա՝ մեկնարկելով մեկ շաբաթ տևողությամբ եվրոպական իր շրջագայությունը, որի ընթացքում անցկացվող քննարկումների հիմնական թեմաները կլինեն Սիրիայում և Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագիրը:

Շրջագայության ընթացքում Քլինթընին ուղեկցող արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաների համաձայն, Կոպենհագենում, Օսլոյում և Ստոկհոլմում կայանալիք հանդիպումների ընթացքում քննարկվելու են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի նկատմամբ դիվանագիտական, տնտեսական և քաղաքական ճնշումների ուժեղացման հնարավորությունները:

Դանիա, Նորվեգիա և Շվեդիա կատարվող այցելության ընթացքում ԱՄՆ-ի արտգործնախարարը նաև շնորհակալություն կհայտնի սկանդինավյան դաշնակիցներին համաշխարհային զարգացման, կլիմայի փոփոխության խնդրի շուրջ, Բալկանների, Մերձավոր Արևելքի, Լիբիայի և Աֆղանստանի հարցերի շուրջ իրենց տարվող աշխատանքի համար:

Սկանդինավյան պետությունների այցելությունից հետո Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընը հունիսի 4-ից 7-ը կայցելի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա։

Միացյալ Նահանգների արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, բոլոր այդ երկրներում Հիլարի Քլինթընը կանդրադառնա տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության, տնտեսական զարգացման ու հակաահաբեկչական պայքարի հարցերին։

Հայաստան հունիսի 4-ին կայանալիք այցի ընթացքում ԱՄՆ-ի արտգործնախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Վրաստանում հունիսի 5-ին Քլինթընը կբացի Բաթումի քաղաքում կայանալիք ԱՄՆ-ի և Վրաստանի Ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակներում անցկացվող լիագումար նիստը: ԱՄՆ-ի արտգործնախարարը հանդիպումներ կունենա նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի և Վրաստանի քաղաքական կյանքում կարևոր դերակատարություն ունեցող տարբեր գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Ադրբեջան կայանալիք այցի ընթացքում Հիլարի Քլինթընը հունիսի 6-ին կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջնորդների հետ։

Ստամբուլում հունիսի 7-ին ատրգործնախարարը կմասնակցի «Համաշխարհային հակաահաբեկչական ֆորում»-ի նախարարների հանդիպմանը և խորհրդակցություններ կանցկացնի Թուրքիայի պաշտոնյաների հետ՝ արտաքին քաղաքականության բնագավառի մի շարք խնդիրների, այդ թվում՝ Սիրայի և Իրանի վերաբերյալ։

XS
SM
MD
LG