Մատչելի հղումներ

Գիտնականները մշակում են օդի բարձր ջերմաստիճանին դիմակայող եգիպտացորեն


Փորձագետները զգուշացնում են, որ կլիմայական փոփոխությունների հետևանքով ջերմաստիճանի ծայրահեղ փոփոխությունները հավանաբար կվտանգեն համաշխարհային սննդի պաշարները՝ նվազեցնելով կարևոր մթերքների բերքը: Գիտնականները փորձում են մշակել կլիմայական փոփոխություններին հարմարվող նոր մթերքներ: Սա համաշխարհային մարտահրավերներից մեկն է՝ հաշվի առնելով համաշխարհային բնակչության աճը, որն այսօրվա 7 միլիարդից դարակեսին կհասնի 9 միլիարդի:

Այս տարի Տեխասում եգիպտացորենի բերքը չորացավ աննախադեպ տոթի և երաշտի պատճառով: Տեխասի Հայ Փլեյն շրջանում բերքը դժվարությամբ կարողացավ գոյատևել սովորական անձրևների մեկ տասերորդի ծավալի պայմաններում:

Տեխասի Գյուղատնտեսության և ագրարային համալսարանից ոռոգման փորձագետ Թոմաս Մարեկի և նրա աշխատակիցների համար այս տարին կատարյալ էր, մինչդեռ ֆերմերների համար՝ ողբերգական: Ամարիլոյի հետազոտական այս կենտրոնում նրանք փորձում են ֆերմերներին նախապատրաստել գալիք ավելի տաք եղանակներին: Ուենուեյ Շուն ղեկավարում է եգիպտացորենի նոր տեսակի ստացման շուրջ աշխատող խումբը:

«Սա ավելի և ավելի կարևոր է դառնում, և քանի որ կլիմայական փոփոխության պայմաններում ցուրտ վայրերն ավելի են ցրտում, իսկ տաք վայրերն՝ ավելի տաքանում, շատ տաքանալու դեպքում արդեն գործ ենք ունենում երաշտի հետ», - ասում է Ուենուեյը:

Տաք եղանակը և երաշտը եգիպտացորենի բերքը դարձնում է շագանակագույն, դա նշանակում է ֆոտոսինթեզի խաթարում, որի հետևանքով եգիպտացորենի հատիկները արևի լույսի տակ վերածվում են օսլա պարունակող հատիկների:

Սակայն Շուի աշխատակից Չինգվու Շուուն կարողացել է առանձնացնել այն գենը, որը կարող է օգնել եգիպտացորենի արևադարձային տարատեսակներին այս պայմաններում կանաչ մնալ:

«Եթե ավելի երկար կանաչ մնան, ֆոնոսինթեզն էլ երկար կլինի, իսկ երկար ֆոտոսինթեզի դեպքում հատիկների սնուցումը երկար կտևի», - ասում է նա:

Կանաչ մնացող բույսերը ավելի մեծ հատիկներ են արտադրում երաշտի ժամանակ: Խումբը եգիպտացորենը կանաչ պահպանող գենի և այլ բարձր արդյունավետություն ունեցող տեսակների պատվաստում է կատարել՝ լավագույն հատկանիշներով եգիպտացորեն ստեղծելու նպատակով: Նրանք օգտագործել են բույսերի պատվաստման ավանդական եղանակը, այլ ոչ թե գենետիկական, որը ենթակա է խիստ սահմանափակումների։

Սակայն կատարյալ եգիպտացորեն ստանալը հեշտ չէ:

«Գենի պատվաստում կատարելիս հնարավոր է ստանալ առավելագույն արդյունքը, սակայն մյուս կողմից կարող է նվազել բերքատվության ծավալը։ Հայտնի չէ նաև, թե մայր բնությունն ինչ անակնկալներ է նախապատրաստում տվյալ տարվա համար», - ասում է հետազոտողը:

Այս տարի, կլիմայական անբարենպաստ պայմաններում եգիպտացորենի սովորական տեսակները տուժեցին։ Սակայն կանաչ մնացող տեսակների բերքը ավելի առատ եղավ։ Սա խոստումնալից է, սակայն դեռ շատ աշխատանք կա նախքան երաշտին դիմակայող այս սերմերը մատչելի կդառնան ֆերմերներին: Այն ժամանակ, Շուի խոսքերով, օգուտները կտարածվեն Միացյալ Նահանգների սահմաններից դուրս:

«Երաշտին դիմակայող եգիպտացորեն հայտնաբերելուն պես այս ծիլերը կարող են օգտագործվել ամբողջ աշխարհում», - ասում է նա:

Իսկ կլիմայական փոփոխությունների և բնակչության աճի պայմաններում աշխարհն ունի դրա կարիքը:

XS
SM
MD
LG