«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին պոտենցիալ ցուցարարներ և բարեփոխումներ պահանջող անձանց նկատմամբ բռնություններ իրականացնելու մեջ:
Ըստ իրավապաշտպանների, երկրի իշխանությունների կողմից ձեռնարկվող նման գործողությունները նպատակ են հետապնդում Սաուդյան Արաբիայում կանխել մի իրավիճակ, որի արդյունքում արաբական այլ պետություններում տեղի են ունեցել «Արաբական գարուն» անվանվող իրադարձություններ:
«Amnesty Internatiponal»-ը հինգշաբթի օրը մեղադրել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին հակակառավարական ընդդիմության նկատմամբ «բռնությունների նոր ալիք» իրականացնելու մեջ:
Իրավապաշտպան կազմակերպության Մերձավոր Արևելքի գծով տնօրենի պաշտոնակատար ֆիլիպ Լյութերի համաձայն, իշխանությունները բռնություններ են իրականացրել բարեփոխումների պահանջներ ներկայացնող անձանց՝ փորձելով «արմատախիլ» անել նման պահանջները:
«Amnesty Internatiponal»-ի կողմից հրապարակված զեկույցի համաձայն, այս տարվա մարտ ամսից երկում ձերբակալվել է ավելի քան 300 ցուցարար: Զեկույցի համաձայն, ձերբակալված անձանցից շատերն ազատ են արձակվել՝ խոստում տալով այլևս չմասնակցել բողոքի ցույցերի:
Իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նշվել է նաև, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը նախապատրաստել է հակաահաբեկչական օրենքի նոր նախագիծ, որտեղ այլախոհությունը «ահաբեկչության հանցագործություն» է որակավորվում: