Մատչելի հղումներ

Սարգսյանն ու Ռուբինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները


Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին:

«Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել նրա այցը հայ-ամերիկյան հարաբերությունների համակողմանի և բազմաբնույթ երկխոսության շարունակականության տեսանկյունից», - ասված է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որտեղ նշվել է նաև, որ հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը:

Սարգսյանն ու Ռուբինը պատրաստակամություն են հայտնել զարգացնելու Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններն ու երկու երկրների միջև ընդլայնել փոխգործակցությունը, որտեղ, կողմերի համոզմամբ, զգալի ներուժ կա:

Հայաստանի նախագահ Սարգսյանի և ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ռուբինի միջև հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:

«Նախագահ Սերժ Սարգսյանը և ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG