Ռուսաստանի դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացված տոնական միջոցառմանը:
Նախագահ Սարգսյանը բարձր գնահատական է տվել «Ռուսաստանի հայերի միության» շարունակական աշխատանքին, ինչպես նաև կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող բազմաբնույթ ծրագրերին, շնորհավորել է Միությանը հոբելյանի առթիվ և մաղթել նորանոր հաջողություններ և արգասաբեր աշխատանք:
Հայաստանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, նախագահն ասել է, որ «Ռուսաստանի հայերի միությունը այսօր դարձել է այն յուրօրինակ ամրասյունը, որն իր շուրջ կարողանում է համախմբել Ռուսաստանի հայությանը»:
Իր ելույթում նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է սփյուռքի դերը հայրենիքի զարգացման ու հզորացման, ինչպես նաև միջպետական հարաբերություններում համագործակցության խորացման և հարաբերությունների սերտացման համար կամուրջ հանդիսանալու գործում:
Հայաստանի նախագահը «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանին հրամանագրով պարգևատրել է Պատվո շքանշանով` հայ-ռուսական բարեկամության խորացման, ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար: