Մատչելի հղումներ

Սերժ Սարգսյանը պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին


«Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք խնդրում եմ հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք և մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է երկրի ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին, որտեղ վերջինս վիճարկել է նախագահական ընտրությունների արդյունքները:

Նամակում, Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ իրենց միջև ավելի վաղ անցկացված հանդիպման ժամանակ արված իր առաջարկությունը «վերջապես ընդունելու» և Հովհաննիսյանի մտքերը թղթին հանձնելու ու փոխանցելու համար:

«Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության և պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից և ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար», - ասված է նամակում: «Ինձ ուրախացնում է, որ Դուք ունեք նաև ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն, և այդ հարցում մեր կարծիքները կարծես բավականաչափ մոտ են: Ես վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել, հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք»:

«Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք խնդրում եմ հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք և մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը», - եզրափակում է Րաֆֆի Հովհաննիսյանին հասցեագրված Սերժ Սարգսյանի նամակը:

Հիշենք, որ անցյալ ուրբաթ օրն անցկացված հանրահավաքի ընթացքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել էր իր առաջարկները, որոնք, ըստ նրա, պայմանագրի տեսքով կուղարկվեն նախագահական նստավայր:
XS
SM
MD
LG