Մատչելի հղումներ

ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարների հետ հանդիպմանը Սարգսյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի և Սիրիայի խնդիրներին


«Մենք միանշանակ ողջունում ենք ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»

Ռուսաստանի Սոչի քաղաքում անցկացվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 23-ին Հայաստանի նախագահը մասնակցել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների հետ նեղ ձևաչափով հանդիպման, որի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Սիրիայում չդադարող քաղաքացիական պատերազմի և Համագործակցության Շանհայի կազմակերպությանն անդամակցելու խնդիրներին:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու կարևորությունը՝ Հայաստանի նախագահը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի փաստաթղթերում, այդ թվում՝ անցյալ տարի դեկտեմբերին ընդունված մոսկովյան հայտարարության մեջ, ընդգծվել էր ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու կարևորությունը՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, որոնք, մասնավորապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանը և ինքնորոշմանը, և տարածքային ամբողջականությանը: Համանման դրույթ է ամրագրված նաև համատեղ հրամաններում:

Հայաստանի նախագահը մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, նախագահ Սարգսյանն իր ելույթում նշել է, որ, ի հակադրություն ՀԱՊԿ- կողմից ընդունված որոշումների, «կազմակերպության անդամ պետություններ այլ հարթակներում և ուրիշ կազմակերպություններում նույն հարցի կապակցությամբ ընդունում են հայտարարություններ, որոնք աններդաշնակ են ՀԱՊԿ-ի շրջանակներում ընդունված որոշումներին»:

«Վերջին տարիներին փաստաթղթեր են ընդունվել, այդ թվում՝ նախագահական մակարդակով, որոնցում ադրբեջանական կողմի մատուցմամբ ընտրողաբար, ի վնաս մյուս սկզբունքների, առանձնանում է տարածքային ամբողջականության սկզբունքը: Բնականաբար, շատ երկրներ Ադրբեջանի հետ կապված իրենց շահերն ունեն: Բայց, մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնել, երբ այդ հարաբերությունները բերում են այնպիսի փաստաթղթերի ընդունմանը, որոնք ուղղված են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների շահերի և, ընդհանուր առմամբ, Կազմակերպության հեղինակության դեմ», - շեշտել է Սարգսյանը:

Իր խոսքում Հայաստանի նախագահը, անդրադառնալով Սիրիայում հակամարտության, ասել է, որ Հայաստանը, լինելով աշխարհագրորեն Սիրիային ամենամոտը տեղակայված ՀԱՊԿ-ի անդամ պետությունը և Սիրիայում ունենալով բազմահազարանոց համայնք, ավելի սուր է զգում բոլոր ռիսկերը և սպառնալիքները ՀԱՊԿ-ի պատասխանատվության Կովկասյան տարածաշրջանի անվտանգության համար:

«Այս համատեքստում մենք միանշանակ ողջունում ենք ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ», - նշել է նախագահ Սարգսյանը:

Ամփոփելով իր խոսքը՝ Հայաստանի նախագահը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության աջակցման գործում մեծ ներդրում ունեցող Համագործակցության Շանհայի կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու Հայաստանի հետաքրքրվածությունը, և այս հարցում դիմել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների աջակցությունը:
XS
SM
MD
LG