Մատչելի հղումներ

Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը


Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում այսօր կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Դմիտրի Մեդվեդևի հրավերով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կայացած հերթական բանակցությունների ժամանակ զրուցակիցները քննարկել են 2010 թվականին Աստրախանում ընդունված համատեղ հայտարարության իրականացման ընթացքը:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, եռակողմ հանդիպումից հետո, նախագահների բանակցությունները շարունակվել են նաև աշխատանքային ճաշի ժամանակ: Նախագահներն այնուհետև այցելել են Սոչիի լեռնադահուկային հանգստավայրերից մեկը:

Եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն ընդունել են համատեղ հայտարարություն:

Ստորև ներկայացվում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված համատեղ հայտարարությունն ամբողջությամբ.

«Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները ՌԴ նախագահի հրավերով 2011թ. մարտի 5-ին հանդիպեցին Սոչիում և հանգամանորեն քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները:

Քննարկելով 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը` նախագահները, ի լրումն դրանում նախատեսված միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման հետևյալ քայլերի մասին.

1. Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը

2. Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով և կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:

Նախագահներն ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իրենց պարբերական շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվեցին շարունակել դրանք այդ ձևաչափով ` ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի»:

XS
SM
MD
LG