Մատչելի հղումներ

Սանտորումը հաղթանակել է երեք նահանգում անցկացված նախնական ընտրություններում


Սանտորումը հաղթանակել է երեք նահանգում անցկացված նախնական ընտրություններում
Սանտորումը հաղթանակել է երեք նահանգում անցկացված նախնական ընտրություններում

Ռիք Սանտորումը հաղթանակ է տարել հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում Մինեսոտա, Միսուրի և Կոլորադո նահանգներում:

Այս հաղթանակները զգալիորեն ուժեղացրել են Սանտորումի նախընտրական արշավի դիրքերը:

Փենսիլվանիայի նախկին նահանգապետ Սանտորումը Մինեսոտա նահանգում անցկացված կուսակցական ժողովների ընթացքում ստացել է ընտրողների ձայների 45 տոկոսը: Այս նահանգում երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոն Փոլը՝ հավաքելով ձայների 27 տոկոսը, իսկ հանրապետական կուսակցության թեկնածուներից առաջատարը համարվող Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին զբաղեցրել է երրորդ տեղը՝ հավաքելով ձայների ընդամենը 17 տոկոսը:

Միսուրի նահանգում անցկացված նախնական ընտրություններում Սանտորումի կողմ է քվեարկել ընտրողների 45 տոկոսը, Միթ Ռոմնիի՝ 25 տոկոսը, իսկ Ռոն Փոլին իր ձայնն է տվել ընտրողների 12 տոկոսը:

Միսուրի նահանգում երեքշաբթի ուշ երեկոյան հաղթանակի իր խոսքում Սանտորումը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Միսուրի և Մինեսոտա նահանգներում «պահպանողական շարժումը շատ ուժեղ դիրքեր է զբաղեցնում»: Նա ասել է նաև, որ ինքը «պահպանողական միակ երկրընտրանքն է ինչպես Ռոմնիին, այնպես էլ ԱՄՆ-ի նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամային», որին Սանտորումը մեղադրել է ֆինանսական ոլորտին օգնություն ցուցաբերել և առողջապահության ոլորտի բարեփոխումներ անցկացնել չցանկացող ամերիկացիների կարծիքը հաշվի չառնելու մեջ:

Սանտորումը նաև հաղթանակ է տարել Ռոմնիի նկատմամբ Կոլորադո նահանգում, որտեղ 2008 թվականին Ռոմնին ստացել էր ընտրողների ձայների գերակշռող մեծամասնությունը: Այս նահանգում երեքշաբթի օրն անցկացված հանրապետական կուսակցության ժողովի արդյունքներով Սանտորումին իրենց ձայնն է տվել ընտրողների 40 տոկոսը, Ռոմնիին՝ 35 տոկոսը, իսկ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչին իրենց վստահությունն են հայտնել ընտրողների 13 տոկոսը:

Երեք նահանգներում Սանտորումի տարած հաղթանակն ուժեղ հարված է հասցրել Ռոմնիի՝ որպես հանրապետական կուսակցության առաջատար թեկնածուի դիրքերին:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին մրցելու համար հանրապետական կուսակցության թեկնածուին անհրաժեշտ է հավաքել օգոստոս ամսին Ֆլորիդա նահանգում անցկացվող հանրապետական կուսակցության հավաքի պատգամավորների 1144 ձայն:

XS
SM
MD
LG