Մատչելի հղումներ

«Ավազե ամրոցի աղջիկներ» գրքի շնորհանդեսը՝ ԱՄՆ-ի Կապիտոլիումում


Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքի հեղինակը հանդիպել է կոնգրեսականների և ընթերցողների հետ

««Նյու Յորք Թայմս» թերթի բեսթսելերների ցանկում ներառված գրքի հեղինակ Քրիս Բոհջալյանը մի ամբողջ օր անց է կացրել Կապիտոլյան բլուրում՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավազե ամրոցի աղջիկներ» գիրքը կոնգրեսական լսարանին»:

Այս միջոցառման համահեղինակներից են, ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի կողմից տարածված մամուլի հաղորդագրության, ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայոց ցեղասպանության ընդունման բանաձևի հիմնական հեղինակներ, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամներ, Իլինոյս նահանգի հանրապետական Ռոբերտ Դոլդը, Կալիֆորնիայի նահանգի դեմոկրատ Ադամ Շիֆը, ինչպես նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Ըստ հաղորդագրության, օգոստոսի 1-ին կայացած «Ավազե ամրոցի աղջիկներ» գրքի շնորհանդեսից մեկ օր առաջ «Վաշինգտոն Փոստ» պարբերականը հայտնել է, որ ԱՄՆ-ի մայրաքաղաքի շրջանի բեսթսելերների ցանկում գիրքը զբաղեցրել է 4-րդ տեղը:

Գրքի պաշտոնական շնորհանդեսը մեկնարկելուց առաջ, ինչպես նաև շնորհանդեսի ավարտից հետո Քրիս Բոհջալյանը հանդիպել է ընթերցողների հետ և մակագրել նրանց կողմից բերված «Ավազե ամրոցի աղջիկներ» գրքի օրինակները:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին՝ նշելով այն կարևոր դերը, որն «Ավազե ամրոցի աղջիկներ» գրքի նման ստեղծագործություններն ունեն Միացյալ Նահանգների բնակչությանը Հայոց ցեղասպանության և ցեղասպանության փաստը հերքելու մասին տեղեկացնելու գործում:

Գրքի շնորհանդեսին մասնակցել են նաև Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը, ներկայացուցիչներ Շիֆը, Ջեքի Սպայերը և Դեյվիդ Սիսիլինը, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսն իր տիկնոջ հետ:

«Բոլորիս ներկայությունն այս միջոցառմանը, ինչպես նաև հեղինակի ջանքերը հիշեցնում են մեզ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին», - ասել է գրքի շնորհանդեսին մասնակցած կոնգրեսական Ֆրենկ Փալոունը:
XS
SM
MD
LG