Մատչելի հղումներ

«Samsung»-ը զգալի հաղթանակ է տարել «Apple»-ի նկատմամբ


ԱՄՆ-ի միջազգային առևտրի հանձնաժողովի կողմից կայացված որոշման համաձայն, «Apple»-ը խախտել է «Samsung»-ի արտոնագրերից մեկը

Հարավկորեական «Samsung Electronics» ընկերությունը իրավական նշանակալի հաղթանակ է տարել ամերիկյան «Apple» ընկերության հետ վարվող դատական պայքարում, որը տարվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող հսկա այս ընկերությունների միջև առկա առևտրային արտոնագրային վեճի շրջանակներում:

ԱՄՆ-ի միջազգային առևտրի հանձնաժողովի կողմից կայացված որոշման համաձայն, «Apple»-ը խախտել է «Samsung»-ի արտոնագրերից մեկը, որը վերաբերում է անլար սարքերի միջոցով տեղեկությունների փոխանցման:

Անցյալ տարի «Apple»-ը սակայն դատական հաղթանակ էր տարել, քանի որ դատարանը որոշում էր կայացրել այն մասին, թե «Samsung»-ը խախտել էր «Apple»-ի մի քանի արտոնագիր:

Վերջին որոշումը կարող է արգելափակել «Apple» ընկերության ավելի վաղ սերնդի ձեռքի որոշ սարքերի, ներառյալ Ասիայում գտնվող գործարաններում արտադրվող ավելի ցածրարժեք և մեծ ժողովրդականություն վայելող «iPhone 4» մոդելի ներմուծումը Միացյալ Նահանգներ, ինչպես նաև վաճառքը երկրի ներսում:

«Samsung»-ի համաձայն, առևտրի հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը հաստատել է ընկերության համոզմունքն առ այն, որ «Apple»-ն ունի ընկերության նորամուծություններն անվճար օգտագործելու պատմություն:

«Apple» ընկերությունը սակայն հայտնել է, թե նախատեսում է վիճարկել առևտրային հանձնաժողովի որոշումը Միացյալ Նահանգների դատարաններում: Առևտրի հանձնաժողովի որոշումը կարող է նաև չեղյալ հայտարարվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից, սակայն Միացյալ Նահանգների որևէ նախագահ արդեն մի քանի տասնամյակ չի օգտագործել վետոյի իր իրավունքը առևտրային արտոնագրերի վերաբերյալ գործում:
XS
SM
MD
LG