Մատչելի հղումներ

Սահակաշվիլին հորդորել է արագացնել ՆԱՏՕ և ԵՄ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի ընդունումը


Վրաստանի նախկին նախագահի համոզմամբ, «Պուտինի դրդապատճառները նման են նախապատերազմյան Գերմանիայի դրդապատճառներին»

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ուրբաթ օրը հորդորել է ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը արագացնել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի ընդունումն այս կազմակերպություններ:

Սահակաշվիլին, բացի այդ, զուգահեռներ է անցկացրել Ռուսաստանի և ֆաշիստական Գերմանիայի միջև, որը օկուպացրել էր Եվրոպայի պետությունները՝ ազգությամբ գերմանացի բնակչությանը պաշտպանություն տրամադրելու պատրանքով:

«1930-ականներին ֆաշիստական Գերմանիան օկուպացրել էր հարևան Չեխոսլովակիայի մի մասը՝ ազգությամբ գերմանացի բնակչությանը պաշտպանելու պատրանքով: Ռուսաստանն այսօր հայտարարում է, որ պաշտպանում է ազգությամբ ռուս բնակչությանը, կամ այն մարդկանց, ում շուտափույթ տրվել էին Ռուսաստանի անձնագրեր, Ղրիմում կամ Վրաստանի տարածքում», - նշել է Սահակաշվիլին ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» պարբերականում հրապարակված իր հոդվածում:

Վրաստանի նախկին նախագահի համոզմամբ, «Պուտինի դրդապատճառները նման են նախապատերազմյան Գերմանիայի դրդապատճառներին»:

«Նա փորձում է պատասխան տալ «սառը պատերազմից» հետո Արևմուտքի պետությունների կողմից իբր անարդար և նվաստացնող վերաբերմունքին: Նա փորձում է կրկին զբաղեցնել կորսված հողերն ու գրավել բնական պաշարները», - գրում է Սահակաշվիլին:

Միխեիլ Սահակաշվիլիի համաձայն, աշխարհն այժմ վկա է դառնում ոչ միայն Եվրոպայի խոշորագույն տնտեսություններից մեկի մասնատման, այլև «սառը պատերազմից» հետո ստեղծված եվրոպական կարգի փլուզման՝ կարգի, որի հիմքում ընկած են հստակ կանոններ, որոնք ոչ միայն պաշտպանություն են տրամադրում փոքր երկրներին, այլև ապահովում են խոշոր երկրների կայունությունն ու բարեկեցությունը:

Սահակաշվիլիի համաձայն, նման հետևանքներից դեռևս հնարավոր է խուսափել, և Միացյալ Նահանգների կողմից ընդունված պատժամիջոցները, որոնք, Վրաստանի նախկին նախագահի համոզմամբ, անհրաժեշտ է անմիջապես ուժի մեջ մտցնել, առաջին հստակ քայլն են այս ուղղությամբ:

«Եվրոպան պետք է ուժեղացնի իր պատասխան միջոցները: Անհրաժեշտ է արագացնել Եվրոպական Միություն Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի ընդունումը և այս պետություններին տրամադրել ՆԱՏՕ ընդունելու ծրագրեր՝ ցույց տալու համար, որ Ռուսաստանը չի ունենալու իր նպատակներին անօրինական եղանակներով հասնելու հնարավորություն», - եզրափակել է Սահակաշվիլին:
XS
SM
MD
LG