Մատչելի հղումներ

Ռուանդայում նշվում է ցեղասպանության 20-րդ տարելիցը


Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում երկրի նախագահ Փոլ Կագամեն և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը մասնակցել են սգո ազգային կրակը վառելու արարողությանը, որը վառ կմնա 100 օր՝ այնքան ժամանակ, որքան հութու ցեղախմբի զինյալներն իրականացրել են թութսի ցեղախմբի և չափավոր հայացքների հարող հութուների սպանդը

Ռուանդայում նշվում է 1994 թվականին սկսված՝ 800 հազար մարդկանց մահվան պատճառը դարձած ցեղասպանության 20-րդ տարելիցը:

Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում երկրի նախագահ Փոլ Կագամեն և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը մասնակցել են սգո ազգային կրակը վառելու արարողությանը, որը վառ կմնա 100 օր՝ այնքան ժամանակ, որքան հութու ցեղախմբի զինյալներն իրականացրել են թութսի ցեղախմբի և չափավոր հայացքների հարող հութուների սպանդը:

Ռուանդայում սգո կրակը վառելու արարողությանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Արևելյան Աֆրիկայի պետություններից:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը նախօրեին հրապարակված իր ուղերձում վերահաստատել է միջազգային հանրության հանձնառությունը Ռուանդայի ցեղասպանության նման ոճրագործությունների կրկնությունը թույլ չտալու հարցում:

Բան Կի-մունը, բացի այդ, ասել է, թե Ռուանդայի նախագահը «մարմնավորում է սոցիալական և տնտեսական հաջողությունների հասնելու, ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վառ օրինակ»:

Ռուանդայի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իր հայտարարության մեջ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նշել է, որ ատելության ու դաժանությանը առերեսվելու դեպքում «մարդիկ պետք է մարդ մնան, պետք է ցուցաբերեն կարեկցանք և երբեք չլինեն անտարբեր»:

Նախագահ Օբաման ասել է նաև, որ պետք է չմոռանալ, որ աշխարհը չի կարողացել ավելի արագ արձագանքել Ռուանդայում ստեղծված իրավիճակին:

Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում ցեղասպանության թեմայի շուրջ նախօրեին անցկացված համաժողովի ընթացքում Ռուանդայի կառավարությունը վերահաստատել է այն դիրքորոշումը, որի համաձայն Ֆրանսիան մասամբ պատասխանատու է Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության համար:

Երկրի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն ասել է, որ Ֆրանսիան վնաս է պատճառել Ռուանդային՝ այս երկրում տեղի ունեցած ցեղասպանության համար մասնակի պատասխանատվություն կրելու պատճառով: Արտգործնախարար Մուշիկիվաբոն ասել է, որ Ֆրանսիայի և Ռուանդայի միջև հարաբերություններն անհնար կլինի վերականգնել, եթե Ռուանդան ստիպված լինի ընդունել տեղի ունեցածի մասին Ֆրանսիայի վարկածը:

Ռուանդայի արտգործնախարարն իր հայտարարությամբ վերահաստատել է երկրի նախագահ Կագամեյի դիրքորոշումն այն մասին, որ Ֆրանսիան ու Բելգիան «անմիջական դերակատարություն» են ունեցել Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության քաղաքական նախապատրաստության համար:

Ռուանդայի նախագահի հայտարարությունից հետո Ֆրանսիան չեղյալ էր հայտարարել այս շաբաթվա ընթացքում Ռուանդայում անցկացվող արարողություններին իր մասնակցությունը:
XS
SM
MD
LG