Մատչելի հղումներ

Ռուսաստանի ուժերը գրավել են Ղրիմում Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբը


Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբում գտնվող Ուկրաինայի զինծառայողները, Ռուսաստանի ուժերի և կամավորականների կողմից շենքը գրավելուց հետո, դուրս են եկել շտաբի շենքից՝ կրելով քաղաքացիական հագուստ

Ռուսաստանի զինված ուժերը, անզեն կամավորականների աջակցությամբ, չորեքշաբթի օրը գրավել են Ղրիմի Սևաստոպոլ քաղաքի նավահանգստում գտնվող Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբը, որտեղ բարձրացրել են Ռուսաստանի դրոշը:

Այս գործողությունների միջոցով Մոսկվան ամրապնդում է թերակղզում իր ներկայությունը, իսկ Ռուսաստանի զինված ուժերը, Ղրիմը Ռուսաստանի մաս դարձնելու մասին Ղրիմի տեղական իշխանությունների հետ նախօրեին պայմանագիր կնքելուց հետո, իրականացնում են գործողություններ՝ ուղղված թերակղզում զինված ցանկացած դիմադրության հնարավորություն ճնշելու ուղղությամբ:

Ականատեսների համաձայն, Ղրիմի Սևաստոպոլ քաղաքի նավահանգստում գտնվող Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի գրոհի ընթացքում մի քանի հարյուր մարդ քանդել են ցանկապատը և անցել շտաբի տարածք, որից հետո շտաբի շենքի մոտ բարձրացվել է Ռուսաստանի դրոշը:

Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբում գտնվող Ուկրաինայի զինծառայողները, Ռուսաստանի ուժերի և կամավորականների կողմից շենքը գրավելուց հետո, դուրս են եկել շտաբի շենքից՝ կրելով քաղաքացիական հագուստ:

Ուկրաինայի զինված ուժերի խոսնակ Վլադիսլավ Սելեզնևի համաձայն, Ուկրաինայի ռազմածովային նավատորմի հրամանատար, ծովակալ Սերհիյ Հայդուկին շտաբի շենքից անհայտ ուղղությամբ են տարել զինված անձինք, ըստ էության՝ Ռուսաստանի հատուկ ուժերի ստորաբաժանման ծառայողները:

Ռուսաստանյան լրատվամիջոցների համաձայն, Ուկրաինայի ռազմածովային նավատորմի հրամանատար, ծովակալ Սերհիյ Հայդուկը «ժամանակավորապես ձերբակալվել է Սևաստոպոլ քաղաքի դատախազության կողմից»:

Ուկրաինայի «ՈՒՆԻԱՆ» լրատվական գործակալության փոխանցմամբ, «անօրինական դատախազությունը» հարցեր ունի այն կապակցությամբ, որ ծովակալ Հայդուկն իբր «Ուկրաինայի զինված ուժերի ռազմական ստորաբաժանումներ է փոխանցել խաղաղ բնակչության ուղղությամբ զենքի կիրառման մասին Կիևից ստացված հրամանը»:
XS
SM
MD
LG