Մատչելի հղումներ

Ռուսաստանը նախատեսում է ԱՀԿ-ում դատական հայց հարուցել ԱՄՆ-ի դեմ


Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաև. «ԱՀԿ-ը որոշ լրացուցիչ հնարավորություններ է տալիս Ռուսաստանին»

Ռուսաստանի իշխանությունները քննարկում են Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Միացյալ Նահանգների դեմ դատական հայց հարուցելու հնարավորությունը՝ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների պատճառով, որոնք վնաս են հասցնում Ռուսաստանի բանկերին:

Այս մասին չորեքշաբթի օրը տեղեկացրել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, որի համաձայն «ԱՀԿ-ը որոշ լրացուցիչ հնարավորություններ է տալիս Ռուսաստանին»:

Միացյալ Նահանգներն անցյալ ամիս պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ վերջինիս կողմից Ղրիմի բնռակցման պատճառով: ԱՄՆ-ի սահմանված պատժամիջոցները կիրառվել են «Ռոսիա» բանկի, և վերջինիս նախագահ և ամենախոշոր բաժնետեր Յուրի Կովալչուկի նկատմամբ:

ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում ներառվել են նաև Արկադի և Բորիս Ռոտենբերգները, և, այսպիսով, անուղղակի ազդեցություն գործել նրանց պատկանող «ՍՄՊ» բանկի վրա: Բանկի ղեկավարության համաձայն, ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելուց հետո բանկից դուրս է բերվել մոտ 249 միլիոն դոլար:

«Ժնևում՝ ԱՀԿ-ի խորհրդում, մենք խոսել ենք Միացյալ Նահանգների դեմ դատական հայցի հարուցման հնարավորության մասին՝ վերջինիս կողմից Ռուսաստանի բանկերի նկատմամբ ընդունված պատժամիջոցների պատճառով, և հուսով ենք, որ ԱՀԿ-ի մեխանիզմները մեզ թույլ կտան այս հարցում զսպել մեր գործընկերներին», - ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարը:

Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից ավելի վաղ տարածված հաղորդագրության համաձայն, Ռուսաստանն ուշադիր հետևում է ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ազդեցությունը Ռուսաստանում գործող ձեռնարկությունների վրա, ինչպես նաև ԱՀԿ-ի համաձայնագրերի հնարավոր խախտման մասով:

«Ռուսաստանը հորդորել է ԱՀԿ-ի այլ անդամներին առևտրային հարցերում չուղղորդել քաղաքական դրդապատճառներով», - ասված է ԱՀԿ-ի հայտարարության մեջ:
XS
SM
MD
LG