Մատչելի հղումներ

Ռուսաստանը զգուշացրել է Սիրիայում ռազմական միջամտության անթույլատրելիության մասին


«Ուժի ցանկացած կիրառում առանց ՄԱԿ-ի մանդատի կդիտվի որպես միջազգային օրենքի խախտում»

Ռուսաստանի իշխանությունները երկուշաբթի օրը զգուշացրել են Արևմուտքի տերություններին Սիրիայում ռազմական միջամտության անթույլատրելիության մասին՝ նշելով, որ ուժի ցանկացած կիրառում առանց ՄԱԿ-ի մանդատի կդիտվի որպես միջազգային օրենքի խախտում:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան որևէ ծրագրեր չունի Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի մեջ ներգրավված լինելու վերաբերյալ, և որ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները, Սիրիայում միջամտություն կատարելու դեպքում, կկրկնեն «անցյալի սխալները»:

«Առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանության ուժի կիրառումը միջազգային օրենքի կոպիտ խախտում կդառնա», - ասել է Լավովը Սիրիայի ապստամբների կողմից այդ երկրի կառավարությանը քիմիական զենքի օգտագործման մեջ ներկայացվող մեղադրանքների քննարկմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Արտգործնախարարը բացի այդ մտահոգություն է արտահայտել այն հայտարարությունների կապակցությամբ, որոնց համաձայն ՆԱՏՕ-ն իրեն իրավունք է վերապահում միջամտելու Սիրիայում քիմիական հարձակում իրականացնելու փաստը հաստատելու դեպքում՝ շեշտելով, որ առանց ՄԱԿ-ի հավանության ուժի ոչ պատշաճ գործադրումը «կտրուկ կբարդացնի իրավիճակը»:

Լավրովը, բացի այդ, հորդորել է Արևմուտքին չբռնել «վտանգավոր այն ուղին», որը, ըստ արտգործնախարարի, նախկինում կատարվել է արդեն մի քանի անգամ՝ հավելելով. «Մենք ոչ ոգի հետ պատերազմելու ծրագրեր չունենք»:

«Եթե որևէ մեկը կարծում է, որ Սիրիայի ռազմական ենթակառուցվածքը ռմբակոծություններով ոչնչացնելու և մարտադաշտը վարչակարգի ընդդիմախոսների հաղթանակի համար նախապատրաստելու արդյունքում ամեն ինչ կավարտվի, ապա դա պարզապես պատրանք է», - ասել է Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը:

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն ավելի վաղ համոզվածություն էր արտահայտել այն մասին, որ Ռուսաստանն ու Չինաստանը ամենայն հավանականությամբ կօգտագործեն վետոյի իրավունքը Սիրիայի իշխանությունների դեմ ուղղված օդային հարձակումներն արգելելու նպատակով: Մեծ Բրիտանիայի իր գործընկեր Ուիլյամ Հեյգը սակայն նշել է, թե քիմիական հարձակումներին հնարավոր կլինի արձագանքել առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանության:
XS
SM
MD
LG