Մատչելի հղումներ

Ռուսաստանում օղու օգտագործման հետևանքով մահանում է 55 տարեկանի չհասած տղամարդկանց կեսը


Նոր հետազոտություններից մեկի տվյալների համաձայն, Ռուսաստանում տղամարդկանցից կեսը մահանում է՝ չհասնելով 55 տարեկանի, ինչի հիմնական պատճառն է ալկոհոլի, մասնավորապես՝ օղու օգտագործման նկատմամբ հակումը

Նոր հետազոտություններից մեկի տվյալների համաձայն, Ռուսաստանում տղամարդկանցից կեսը մահանում է՝ չհասնելով 55 տարեկանի, ինչի հիմնական պատճառն է ալկոհոլի, մասնավորապես՝ օղու օգտագործման նկատմամբ հակումը:

Ավելի քան 150 հազար մարդու մասնակցությամբ իրականացված հետազոտությունը բացահայտել է շաբաթական երեք կամ ավելի շիշ օղի օգտագործող Ռուսաստանի տղամարդկանց շրջանում մահացության չափազանց բարձր մակարդակը:

Ալկոհոլի չափազանց բարձր քանակություններ օգտագործող անձանց շրջանում մահը հիմնականում վրա է հասնում ալկոհոլային թունավորության, դժբախտ պատահարների, բռնությունների, ինքնասպանությունների, ինչպես նաև կոկորդի և լյարդի քաղցկեղի, տուբերկուլյոզի, պանկրեատիտի և լյարդի տարբեր հիվանդությունների պատճառով:

«Ռուսաստանում մահացության մակարդակը զգալիորեն տատանումներ էր գրանցել վերջին 30 տարվա ընթացքում՝ կախված նախագահներ Գորբաչովի, Ելցինի և Պուտինի պաշտոնավարման ժամանակ ալկոհոլային արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ ընդունելուց կամ դադարեցնելուց, ինչպես նաև սոցիալական կայունության մակարդակից: Իսկ այս տատանումների հիմնական մղող ուժը եղել է օղին», - պնդում է Օքսֆորդի համալսարանից հետազոտությունների համահեղինակ Ռիչարդ Փեթոն:

Ռուսաստանի ուռուցքաբանական գիտական կենտրոնի պրոֆեսոր Դավիթ Զարիձեի մասնակցությամբ իրականացված հետազոտության մեջ նշված է, որ այն ժամանակ, երբ 1980 թվականից Մեծ Բրիտանիայում 15-ից 54 տարեկան մարդկանց շրջանում մահացության մակարդակն աստիճանաբար նվազում է՝ հիմնականում ծխելուց հրաժարվելու շնորհիվ, Ռուսաստանում մահացության մակարդակը նույն ժամանակաշրջանում խիստ տատանումներ է գրանցել, որոնք հաճախակի համընկել են ալկոհոլի օգտագործման ծավալների մասին տվյալների հետ:

Այսպես, Միխայիլ Գորբաչևի կողմից 1985 թվականին ալկոհոլի վաճառքի նկատմամբ իրականացված սահմանափակումների արդյունքում ոգելից խմիչքների օգտագործումը նվազել էր գրեթե 25 տոկոսով՝ միաժամանակ նվազեցնելով մահացության մակարդակը: Ռուսաստանում կոմունիստական համակարգի փլուզումից հետո սակայն ալկոհոլային խմիչքներ օգտագործումը սկսել էր աճել՝ համանման ազդեցություն գործելով նաև մահացության տվյալների վրա:

«Lancet» բժշկական ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակներում մասնակցել է 151 հազար մարդ: Գիտնականները հետազոտության մասնակիցներին հարցեր էին ուղղում այն մասին, թե որքան օղի են օգտագործում, արդյոք մասնակիցները ծխում են, և հետևել են վերջիններիս առողջական վիճակին տասը տարվա ընթացքում: Այս ժամանակահատվածում հետազոտության մոտ 8 հազար մասնակից վախճանվել էր:

Հետազոտության արդյունքների համաձայն, մահացության մակարդակն ավելի բարձր էր ծխող և շաբաթական երեք կամ ավելի կեսլիտրանոց շիշ խմիչք օգտագործող տղամարդկանց շրջանում քան նույնպես ծխող, սակայն շաբաթական մեկ շշից պակաս օղի օգտագործող տղամարդկանց մոտ:

Պրոֆեսոր Դավիթ Զարիձեի համաձայն, Ռուսաստանում ոգելից խմիչքների օգտագործումն ընդունված ապրելակերպ է:

«Բոլորն են խմում՝ կրթություն ունեցողներն ու չունեցողները, սոցիալական բոլոր դասերից: Խմելն ընդունվում է և գնահատվում», - ասել է Ռուսաստանի ուռուցքաբանական գիտական կենտրոնի պրոֆեսորը՝ շեշտելով, որ «ալկոհոլը սպանում է ազգը»:

Սակայն, ըստ պրոֆեսորի, իրավիճակը հնարավոր է շրջադարձել՝ մատնանշելով Ռուսաստանի հյուսիսային հարևանների օրինակը, որոնք նույնպես ունեն սպիրտային խմիչքների չափազանց բարձր օգտագործման պատմություն:

«Նույնիսկ հյուսիսային հարևանները Ֆինլանդիայում և Շվեդիայում տառապում էին հարբեցողության իրական խնդիրներից: Նրանց մոտ իրավիճակը սակայն փոխվել է», - նշել է Ռուսաստանի ուռուցքաբանական գիտական կենտրոնի պրոֆեսոր Դավիթ Զարիձեն:
XS
SM
MD
LG